Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական պրեզենտացիա, որին հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը` ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ:
Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագիրը:
Ծրագրի ներկայացմանը հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս պատասխանել է ծրագրի, ինչպես նաև և Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Հովհաննես Ազիզյանն նշել է, որ նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ, ինչը կնպաստի ոչ միայն մարզի, այլև տարածաշրջանի զարգացմանը,-ընդգծել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ ԱՏԳ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային նոր օրենսգրքով ունի առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ԱՏԳ տարածքում աշխատող կամ այցելող յուրաքանչյուր անձի կատարել գնումներ` առանց մաքսային տուրք վճարելու: Սա կարևոր հնարավորություն է, որովհետև սա նաև կարող է նպաստել և այցելության, և զբոսաշրջության զարգացմանը»:
Ազատ տնտեսական գոտու տեղակայումը որոշվել է իրականացնել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով նաև հայ-իրանական հարատև առևտրատնտեսական հարաբերությունները: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանագծին հարող տարածքում նախանշվել է հողակտոր, որտեղ նպատակահարմար է իրականացնել նախագիծը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, որը ենթադրում է պետության մասնակցությունը ծրագրի իրագործմանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, տարածաշրջանային առեւտրի զարգացման, ինչպես նաեւ Սյունիքի մարզում տարածքային զարգացման համար:
«Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու համաձայնագրի կնքման շուրջ, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս այս ազատ տնտեսական գոտու գործունեության համար, որովհետև տվյալ նախնական համաձայնագրով նախատեսվում է, որպեսզի իրանական կողմը, նաև ԵՏՄ-ն որոշակի հստակ ապրանքների ցանկի մասով գործեն ազատ փոխհարաբերության գոտում»,- ասաց նա` հավելելով, մաքսատուրքերը կամ կնվազեն, կամ կվերացվեն, ինչը լրացուցիչ խթան է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, -ավելացրել է փոխնախարարը:
Հովհաննես Ազիզյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունը համագործակցության է հրավիրում Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտու պոտենցիալ կազմակերպիչներին, ինչպես նաև ընդունում է ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու համար նախնական դիմումներ, ինչի մասին հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքում և ավելացրել.
«Հույս ունենք ներգրավել բավական լավ փորձ եւ կապեր ունեցող, ներդրումներ անելու մտադրությամբ ձեռնարկությունների տարբեր երկրներից»,- ավելացրել է նա:
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ 2016/17 (Ազատ տնտեսական գոտու հիմնում Սյունիքի մարզում):