Հունվարի 24-ին տեղի է ունեցել Թվինինգ ծրագրի համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման հերթական փուլի արդյունքներն, մասնավորապես հետներդրումային սպասարկման, ՕՈՒՆ ռազմավարության, ներդրումների խթանման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, քննարկվել են հետագա անելիքները։
Քննարկվել են փետրվար ամսին Փարիզում կայանալիք ներդրումային համաժողովի մանրամասները: Նիստին մասնակցել են ծրագրում ներգրավված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար անձնակազմը և մասնագետները, «Բիզնես Ֆրանս»-ի փորձագետները, ԵՄ հանձնաժողովի ներկայացուցիչները:
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտոնապես մեկնարկել է «Ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) խթանման միջոցով աջակցել Հայաստանում տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև նորամուծությունների և տեխնոլոգիաների փոխանցմանը: Ծրագիրն իրականացվում է «Բիզնես Ֆրանս»-ի փորձագետների հետ, ուղղակի շահառուներն են ՀՀ ՏԶՆՆ և ՀԶՀ:
Թվինինգ ծրագիրը ունի 3 բաղադրիչ.
Բաղադրիչ 1. Հետներդրումային (aftercare services) ծառայությունների զարգացում
Այս բաղադրիչը կամրապնդի ՀԶՀ ունակությունները Հայաստանում օտարերկրյա ներդրողների սպասարկման և ընդլայնման, ՕՈՒՆ ազգային տնտեսություն ներգրավելու գործում.
Բաղադրիչ 2. ՕՈՒՆ ռազմավարության զարգացում և ներդրումային միջավայրի բարելավում.
Այս բաղադրիչի նպատակն է աջակցել ներդրումային քաղաքականության վարչությանը` ՕՈՒՆ ռազմավարությունը զարգացնելու, ՕՈՒՆ ուղղված նպատակները և թիրախները ուրվագծելու և սպասվող ՕՈՒՆ ազդեցություններն ու օգուտները հստակ սահմանելու գործում: Աջակցություն կցուցաբերվի ընտրված թիրախային ոլորտներում ներդրումային խթանների սխեմաների նույնականացման, զարգացման և շահագործման համար:
Բաղադրիչ 3. Ներդրումների խթանում և քաղաքականության պաշտպանություն
Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումային ծրագրերի լավագույն գործելակերպը և աջակություն տրամադրել ընտրված ներդրումային խթանման գործիքներին` բարձրացնելով ՀԶՀ վստահելիությունը` որպես լիազորված ներդրումային մարմնի: