Սուրեն Կարայանը Մոսկվայում ստորագրել է համագործակցության փաստաթղթեր
25 Հունվար, 2017

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։

Այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։ Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։

Նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ։ Այս ծրագրով նախատեսվում է.

♦ միջտարածաշրջանային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացում, որոնք ունեն առաջնային կարևորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաև առողջապահական, կրթական, գիտական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում,

♦ համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կազմավորումների և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում,

♦ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում,

♦ տեղեկատվական և այլ փոխգործակցության համակարգերի գործարկում,

♦ արդյունավետ փոխգործակցության իրականացում զբաղվածության և աշխատանքային միգրացիայի, տարածքային պլանավորման, մրցակցային քաղաքականության, ազգամիջյան քաղաքականության, մշակույթի, գիտության և կրթության, ԶԼՄ-ների, գրահրատարակչության և այլ ոլորտներում։

Ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են իրականցնել մի շարք այլ քայլեր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների միջոցով` համաձայն սահմանված Ծրագրի միջոցառումների պլանի։

+