ՀՀ կառավարությունում ներկայացվել են 2016թ. գործունեության արդյունքները
31 Հունվար, 2017

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ներկայացնելով հաշվետվությունը՝ նշել է, որ միջոցառումներն ուղղված են եղել արտահանման խթանմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը և զբոսաշրջության հետագա զարգացմանը:

Մասնավորապես, աշխատանքներ են տարվել վերազգային կորպորացիաների ցանցերում հայաստանյան արտադրանքի ներկայացվածության, ԵԱՏՄ և տարածաշրջանային այլ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման, արտահանման ավելացման ուղղությամբ:

Աշխատանքներ են տարվել Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման նպատակով, նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ապրիլ սկսել ԱՏԳ-ի ստեղծման աշխատանքները: Դեպի Իրան մուտք գործելու նպատակով մարդատար ավտոմեքենաների համար սահմանված մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրությամբ և նախկինում պահանջվող արժեքային շեմը նվազեցվել է երեք անգամ:

Քայլեր են կատարվել գործարար կապերի խթանման և արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվել է 21 գործարար և ներդրումային համաժողով, արտերկրի բիզնես գործընկերների հետ կնքվել է 80 պայմանագիր: Կազմակերպվել է METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակության այցը։

Բանակցություններ են տարվել հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։ Մասնավորապես, պանրի արտահանման նպատակով հայկական ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռուսական «Լենտա» և x5 առևտրային ցանցերի հետ:

ՀՀ կառավարության պաշտոնական կայք

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության 2016 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվություն

Տեղեկանք 2016 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների վերաբերյալ

+