Կապանում և Եղեգնաձորում կայացել են Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվական աշխատաժողովներ
2 Փետրվար, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում` փետրվարի 1-ին և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` հունվարի 26-ին կազմակերպվել են տեղեկատվական աշխատաժողովներ նվիրված 2014-2020թթ. Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկին:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի նոր շրջափուլի առանձնահատկությունները, առաջնահերթ ուղղությունները, գործընկերներ գտնելու և ծրագրին դիմելու ընթացակարգերը։

Հանդիպմանը մասնակցել են մարզում գործող հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և գերատեսչությունների, ինչպես նաև պետական կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլ շահառուներ։

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին հայտերի ներկայացման նոր շրջափուլը մեկնարկել է հունվարի 31-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է։

Ծրագրի առաջնային նպատակներն են խթանել Սևծովյան ավազանում գործարարության և ձեռնարկատիրության զարգացմանը` համատեղ նպաստել զբոսաշրջության և մշակութային ոլորտներում բիզնեսի և ձեռներեցության զարգացմանը, բարձրացնել միջսահմանային առևտրի հնարավորությունները և գյուղատնտեսական և հարակից ոլորտների արդիականության մակարդակը, ինչպես նաև աջակցել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգմանն ու ծովային աղբի արտանետման համատեղ նվազեցմանը:

Ծրագրի շահառու են հանդիսանում ութ երկրներ` Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան:

+