Սուրեն Կարայանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանի հետ
9 Փետրվար, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:

Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։

Սուրեն Կարայանը դեսպանի հետ զրույցում նշել է․ «Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագրեր, որոնք կհետաքրքրեն նրանց՝ մուտք գործելու հայկական շուկա։ Այսօր մենք իրականացնում ենք կտրուկ և արագ բարեփոխմներ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ»։ Նախարարը ներկայացրել է այն ոլորտների ներդրումային ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել հոլանդացի գործընկներներին՝ գյուղատնտեսություն և վերամշակում, էներգետիկայի ոլորտում արևային կայաններ, վերակագնվող էներգիա։

Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ հենց այս ոլորտներն են նիդերլանդացի գործարարների հետարքրության շրջանակում։

Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրումային փաթեթը կփոխանցվի վերջինիս։ Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հստակ հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը զարկ կտան հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։

+