Ամփոփվել են զբոսաշրջության ոլորտի արդյունքները և ներկայացվել առաջիկա անելիքները
10 Փետրվար, 2017

Փետրվարի 10-ին, The Loft կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կատարած աշխատանքները, զբոսաշրջության ոլորտի տարեկան արդյունքների ամփոփումը և գալիք ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ եղավ ոլորտի վիճակագրական տվյալներին.

√ Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների` 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 2.867.008, որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից, Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով: Ամեշատ աճ է գրանցվել Իրանից այցելությունները` շորջ 30 %: Աճել է նաև ՌԴ-ից այցելությունների թիվը` շուրջ 2.3%, թեև 2015 թվականին ՌԴ-ից աձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %-ով:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նաև ներկայացրեց 2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, հայեցակարգով սահմանված պետական քաղաքականության նպատակն ու խնդիրները:

Զարմինե Զեյթունցյանը հայտնեց, որ 2017-2020թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ. «Առավել կարևոր և առաջնային եմ համարում հետևյալ խնդիների լուծումը`

♦ ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, համաշխարհային շուկայում ամրապնդել, զարգացնել և խթանել Հայաստանի նկարագիրը` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների և զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր,

♦ դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքներ, դիվերսիֆիկացնել Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի շուկաները, որոշել գերակա նպատակային շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,

♦ ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի ՀՀ մարզեր, այդ թվում նաև` գյուղական համայնքներ,

♦ բարելավել համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիությունը տրանսպորտային հասանելիության և մուտքի-ելքի մատչելիության բարձրացման միջոցով,

♦ զարգացնել մարդկային ռեսուրսները, ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,

♦ ինչպես նաև ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման ու իրականացման, բարելավել և զարգացնել ենթակառուցվածքները, աջակցել զբոսաշրջության բնագավառում գործող, ամրապնդել և շարունակական ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը, ապահովել բարենպաստ գործարար, ներդրումային միջավայր»:

+