Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
17 Փետրվար, 2017

Փետրվարի 16-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի հանդիպումը Իրանի գործարար համայնքի ներակայացուցիչների հետ։

Պատվիրակության կազմում էին Ալբորզ նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի հաստատության տնօրեն Իրաջ Մովաֆաղը, նույն նահանգի առևտրաարդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամ Ահմադ Զարեին, Հայաստանում Իրանցի գործարարների կազմակերպության նախագահ Մոհամմադ Հասան Յուսոֆզադեն, Իրանից ներկրող, ինչպես նաև Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Իրանի հետ գործարար կապերի ամրապնդումը Հայաստանի տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Նա առաջարկել է քննարկել կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացումը կարող է զգալիորեն խթանել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Էմիլ Տարասյանը իրանցի հյուրերին ներկայացրել է Հայաստանից ԵԱՏՄ և երրորդ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորությունները: Նա առաջարկել է գործուն մասնակցություն ունենալ Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառավարման և գործարկման հարցում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է գործակցության տեսանկյունից հեռանկարային ևս երկու ուղղությունների՝ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակների ստեղծմանը և համագործակցությանը նանոտեխնոլոգիաների ոլորտում՝ նշելով, որ մի քանի օր առաջ Իրան կատարած իր այցի ընթացքում արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակների բացման վերաբերյալ, քննարկվել է Հայաստանում ԻԻՀ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների գրասենյակի հիմնման հարցը, նաև նախաստորագրվել է հուշագիր նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության վերաբերյալ։

Էմիլ Տարասյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու համագործակցության առաջարկներ զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Կողմերն անդրադարձել են նաև դժվարություններին, որոնց բախվում են հայ և իրանցի գործարարները թե՛ Իրանում և թե՛ Հայաստանում։ Ծագող խնդիրները «մեկ պատուհանի» սկզբունքով լուծելու համար, Է.Տարասյանը նշել է լոգիստիկ կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը։

Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ներկայացված առաջարկների վերաբերյալ, նաև տեղեկացրել իր հետաքրքրությունների մասին՝ համագործակցել գյուղտեխնիկայի արտադրության, դեղագործության և այլ որորտներում։ Իրանի պատվիրակության ներկայացուցիչները նախարարի տեղակալին տեղեկացրել են Հայաստանում իրանական արտադրանքի խոշոր ցուցահանդես կազմակերպելու մտադրության մասին, ինչը լավ հնարավորություն կտա իրանցի գործարարներին ներկայացնելու իրենց արտադրանքը և գործարար կապեր հաստատելու հայ գործընկերների հետ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել հանգամանալից ուսումնասիրել բոլոր առաջարկությունները, այնուհետև ձեռնամուխ լինել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը։