Մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից:
Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունվարի 24-ին Մոսկվայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դմիտրի Մանտուրովի հանդիպման ժամանակ:
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ողջունել է հյուրերին, նշել, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար: Նա նաև կարևորել է երկկողմանի հանդիպումների անցկացումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչների միջև:
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է գործարարների միջև հանդիպումները, նշել, որ երկու կողմից էլ կա մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Ծրագիրը շատ հագեցած է, իսկ համագործակցության հնարավորությունները շատ մեծ:
ՌԴ «ЭЛВИС» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը:
«Technology & Science Dynamics» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը նշել է, որ այս հանդիպումը շատ կարևոր է հատկապես երկկողմանի հետաքրքրությունների շրջանակը ճշտելու տեսանկյունից և ավելացրել, որ կա մեծ պատրաստակամություն և ցանկություն, կան նաև ընկերություններ, որոնց հետ կա որոշակի համագործակցություն, որը հարկավոր է ավելացնել:
Հանդիպման ընթացքում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացած հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը և այն ուղղությունները, որոնցում համագործակցության հնարավորություններ են տեսնում:
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը կունենա մի շարք հանդիպումներ: Նախատեսված են պատվիրակության ներկայացուցիչների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ, համալսարաններ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կոնկրետ ընկերությունների միջև: