Բոլոր ստուգում իրականացնող մարմիններն իրենց պաշտոնական կայք էջում հրապարակում են իրենց տարեկան ստուգումների ծրագրերը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, որտեղ հստակ նշվում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ստուգվելու են հաշվետու տարվա ընթացքում:
Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, և ներառում է հետևյալ տեղեկությունները`
♦ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները
♦ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը
♦ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.
♦ յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը
Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`
♦ բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
♦ միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
♦ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
♦ ՀՀ կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել ` 6 ամիսը 1 անգամ:
Ստուգման պլանով չնախատեսված ստուգումները անց են կացվում բացառապես հստակ դեպքերում.
♦ լրացել է նախորդ ստուգման հանձնարարականի (կարգադրագրի)ժամկետը;
♦ առկա է գրավոր տեղեկատվություն/դիմում, հրապարակում քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական/ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև սպառողի իրավունքների խախտման մասին (աին քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են);
♦ առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջանում չեն ներկայացվել օրենքով սահմանված հաշվետվությունները;
♦ տնտեսավարողը դիմում է ներկայացրել իր մոտ ստուգում իրականացնելու վերաբերյալ;
♦ իրականացվում են' ակցիզային դրոշմանիշների և ՀԴՄ կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ;
♦ բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում;
♦ վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեության;
♦ տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսվարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում;
♦ ստուգումը նշանակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
Տեսչական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների բեռը թեթևացնելու նպատակով` համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի մայսի 29-ի թիվ 594-Ա որոշման, նախորդող տարվա արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
2) Անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ.
3) ՓՄՁ-ի ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա
4) ՓՄՁ-ի սուբյեկտը լուծարելիս:
Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումները ընդունվել և ուժի մեջ են մտել օրենքով սահմանված կարգով:
ՍՏՈՒԳՈՒՄ
Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ստուգաթերթերը հրապարակային են և պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:
Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:
Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր.
հանձնարարագրում նշվում են`
♦ ստուգում իրականացնող մարմնի անվանումը
♦ ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը
♦ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը
♦ ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում
♦ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը
♦ ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը
♦ ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքներ:
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (բացառությամբ որոշ գործունեության տեսակների` տես «Հայաստանի Հանրապետությունում Ստուգումների Կազմակերպման և Անցկացման Մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված)
Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը (մանրամասն տես «Հայաստանի Հանրապետությունում Ստուգումների Կազմակերպման և Անցկացման Մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված):
ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ:
Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: