Մարտի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար- 2017թ.» մրցանակաբաշխությունը և էքսպո-տոնավաճառի բացումը՝ ի աջակցություն կին ձեռներեցների:
Ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: Միջոցառումն նախապատրաստել և անցկացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը/ ՓՄՁ ԶԱԿ/: Մրցանակաբաշխության կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել Ասիական զարգացման բանկը (ADB), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը:
Այս տարի մրցանակաբաշխությունն ուղեկցվեց երկօրյա էքսպո-տոնավաճառով, որը նախաձեռնել էր Ասիական զարգացման բանկը՝ Անգլախոսների ասոցիացիայի օժանդակությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կին ձեռներեցներին մրցանակներ հանձնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միջոցառման բացման խոսքում Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը նշեց, որ այս միջոցառումը լավ առիթ է տոնելու կանանց ձեռներեցությունը Հայաստանում, տեսանելի դարձնելու նրանց ձեռքբերումները և կարևորելու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում. «Սա առաջնորդության, գործընկերության, հսկայական ներուժի օրինակ է, որի միջոցով Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը, օժանդակի անհատ բիզնեսներին ընդլայնել իրենց գործունեությունը և ստեղծի աշխատատեղեր»,- նշեց պարոն Շեյն Ռոզենտալը:
«Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը»,- նշեց ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Լևոն Մնացականյանը:
6 անվանակարգերում ՀՀ վարչապետը մրցանակներ հանձնեց արժանացան հետևյալ կին գործարարներին.
1. «Լավագույն կին գործատու» անվանակարգ
Արաքսյա Մարտիրոսյան` ք. Երևան, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիա
Իրինա Չիբուխչյան` գ. Ենոքավան, Տավուշի մարզ, «Ապագա տուր»: Զբոսաշրջային գործունեություն
2. «Լավագույն կին նորարար» անվանակարգ
Մարինա Գրիգորյան` ք. Երևան, «Փոքրիկ Էյնշտեյն» մանկականտնային լաբորատորիաներ
Նարինե Խոջոյան` ք. Իջևան, Տավուշի մարզ:, «Բերք» ընկերություն. ժամանակակից տեխնոլոգիաներով` թաղանթապատ ջերմատներում և բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով ելակի, ելակի սածիլի և հապալսի արտադրություն
3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգ
Զարուհի Մուրադյան` ք. Երևան, Գինու արտադրություն «Zara Wines» ապրանքանիշով:
Մարգուշ Մուրադյան` Գավառ, Գեղարքունիքի մարզ, ANGRET ապրանքանիշ, որն ավելի հայտնի է Մարգուշի գաթաներ անվամբ: Գավառի ավանդական գաթայի և փախլավայի արտադրություն:
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգ
Իրինա Սարիբեկյան` ք. Երևան, Հանրային սնունդ, ճապոնական խոհանոց` «Սուշի Տորիա» ապրանքանիշ
Նելլի Պողոսյան` գ. Ամասիա, Շիրակի մարզ, լավաշի արտադրություն, որը հայրենի գյուղում առաջին է եղել
5. «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգ
Հասմիկ Հարությունյան` ք. Երևան, «YES! Republic» մանկական ինտելեկտուալ ակումբ:
Նելլի Ամիրխանյան` գ. Կոթի, Տավուշի մարզ, հացամթերքի արտադրություն:
6. «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգ
Մարիա Սոբոլևա` ք. Երևան, Մեղրի արտադրություն։ Արտահանում է Ռուսաստան և Բենելյուքսի երկրներ:
Նելլի Ներսիսյան` գյուղ Մաստարա, Արագածոտնի մարզ, «Մաստարաչեդո» ընկերություն. պանրի արտադրություն: Արտահանում է Ռուսաստան:
Վարչապետի մրցանակներից զատ, մրցանակներ էր սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/ PRP) ծրագիրը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» ծրագիրը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA), Հայկական Կարիտասը (CARITAS):
Հաջողած կին ձեռներեցները իրենց փորձը ներկայացրեցին միջոցառման մասնակիցներին: Մրցանակաբաշխության ավարտից հետո տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը նվիրված էր կին գործարարների խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջեցին Կին գործարարների ապրանքների ցուցահանդեսով, որը կազմակերպել էին Ասիական զարգացման բանկը (ADB) և Անգլախոսների ասոցիացիան: