ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ կազմակերպել էր «Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկում: Օրենքների նախագծերը մշակվել են ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 34-րդ կետի:
Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն:
Նախագծերի փաթեթը բաց է քննարկման համար, ինչպես նաև հրապարակված է e-draft.am ինտերնետային կայքում (https://www.e-draft.am/projects/100) 2017 թվականի մարտի 3-ից: