Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կողմերը կհամագործակցեն իրենց գործունեությամբ նպաստելով ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների աճին, զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը:
Զբոսաշրջության պետական կոմիտեն և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ստորագրված հուշագրի շրջանակներում մտադիր են աշխատանքներ իրականացնել միջազգային ցուցահանդեսներում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելու, նպաստել համայնքներում, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև իրականացնել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, այդ թվում՝ Հայկական կոնյակի փառատոնի կազմակերպման միջոցով: