Սուրեն Կարայանն ընդունել է լիբանանյան MEPTICO և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին
31 Մարտ, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 30-ին ընդունել է Լիբանանում գործող MEPTICO ընկերության և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։

Լիբանանյան MEPTICO ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են նախարարին ընկերության գործունեությանը։ Ներկայացնելով արտադրության լայն տեսականիին՝ հյութերի և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ և այլն, նրանք նշել են, որ 40 տարվա պատմություն ունեցող MEPTICO ընկերությունը, որն այսօր իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։

Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցավ։

Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։