Ապրիլի 1-ին Ջրվեժում տեղի է ունեցել «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերության պաշտոնական բացումը։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
- Այս ընկերության բացումը մեզ համար կարևոր նշանակություն ունի որպես ևս մեկ հաջողված գործարար նախաձեռնություն Հայաստանում: Սակայն այսօրվա միջոցառումն առավել նշանակալի և ուրախալի է այն իմաաստով, որ ընկերությունը հիմնվել է սիրիահայ գործարարի կողմից, - իր խոսքում նշել է նախարար Սուրեն Կարայանը` հավելելով, որ ընկերության գործունեության հաջողությունը պետք է օրինակ ծառայի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Նախարարը նաև նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նման գործարար ծրագրերը Հայաստանում իրագործելու համար:
Ընկերության գործադիր տնօրեն Կառլո Գասպարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ դժվարությունները հաղթահարվել են ու հաղթահարելի են և դրանք չեն կարող խանգարել նպատակին հասնելուն, իսկ «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ դեղագործական արտադրանք և այն իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:
«Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերությունը կարտադրի ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ կատարվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի գրուպ» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ: Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ:
Ընկերությունը նպատակ ունի արտահանել իր արտադրանքը Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ։