Ապրիլի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահների հետ։
Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ իրականացվող աշխատանքը, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնց զարգացումն էական է ոլորտի առաջընթացի համար:
Անդրադարձ է եղել նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծման ուղիներին, մասնավորապես` կադրերի վերապատրաստման, արտերկրում առևտրի տներ հիմնելու, Հայաստանում և արտերկրում միջազգային մասնագիտացված մրցույթների և համաժողովների անցկացման, ինչպես նաև գործողությունների ծրագրի վերամշակման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, նման քննարկումներն առավել առարկայական դարձնելու և ըստ ուղղությունների քայլերի հաջորդականությունն ուրվագծելու նպատակով, առաջարկել է Թեթև արդյունաբերության գործատուների միության ղեկավարությանը հետագա հանդիպումների համար յուրաքանչյուր հարցի առնչությամբ ներկայացնել հստակ և հիմնավորված ծրագրեր և առաջարկներ` նշելով նաև դրանցում պետության մասնակցության հնարավոր ձևաչափը: