Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հայտեր ներկայացնելու հրավեր
10 Ապրիլ, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով 2017թ. մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-47-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N312-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրավիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումներին և ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացնելու հայտեր` ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագիր տրամադրող հավաստագրման հանձնաժողովում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովի կազմում` որպես ոլորտի շահերը ներկայացնող ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել.

1) իրավաբանական անձանց միությունները.

ա. որոնք ներկայացնում են 30-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը, և

բ. որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներ են,

2) այլ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց գործունեության հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը,

3) ՏՏ ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող միավորումները և ոչ առևտրային կազմակերպությունները:

Իրավաբանական անձանց միությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հայտին կից ներկայացնում են նաև տեղեկատվություն միության անդամների կամ շահառուների, ՏՏ ոլորտում գործունեության պատմության և արդյունքների վերաբերյալ:

Այլ ոչ առևտրային կազմակերպությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հայտին կից ներկայացնում են նաև տեղեկատվություն ՏՏ ոլորտում գործունեության պատմության, կազմակերպության կողմից իրականացված ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել գրավոր` մինչև ս.թ. ապրիլի 18-ը, հետևյալ հասցեով` 375010 ք. Երևան, Մ.Մկրտչյան 5: