ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը պետք է առաջին հերթին կարևորել հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համատեքստում. Գարեգին Մելքոնյան (տեսանյութ)
27 Մարտ, 2017

Ներկայումս Հայաստանի և Եվրամիության միջև գործող իրավական ռեժիմն ապահովող 1996թ.-ին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը թարմացման կարիք ուներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ նշելով, որ ՀՀ-ԵՄ միջև օրերս նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր»-ը կգա փոխարինելու Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որը կդադարի գործել, երբ ուժի մեջ մտնի նոր համաձայնագիրը: Այն, Մելքոնյանի փոխանցմամբ, կլինի երկարաժամկետ, կգործի 10 և ավելի տարիներ:

- Պարո՛ն Մելքոնյան, օրերս նախաստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև իրավական շրջանակային նոր համաձայնագիրը: Որպես փաստաթղթի տնտեսական հատվածի գլխավոր բանակցող հայկական կողմից, կարո՞ղ եք ասել, թե ինչ է տալու «Առևտուր և առևտրին վերաբերող հարցեր» գլուխը Հայաստանի տնտեսությանը: Ինչո՞վ է նոր փոխգործակցությունը տարբերվելու ԵՄ հետ ներկայիս հարաբերություններից:

- Նոր բանակցված ու նախաստորագրված համաձայնագիրն ունի հիմնական երեք թև՝ քաղաքական և իրավական, ոլորտային համագործակցություն, առևտուր և առևտրին վերաբերող հարցեր: Ներկայումս ՀՀ և ԵՄ միջև գործող իրավական ռեժիմն ապահովվում է 1996թ.-ին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 1999թ.-ին: Արդեն իսկ պարզ է, որ 20 տարուց ավել գործող համաձայնագիրը, թեև իր մեծ դրական դերն է կատարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, թարմացման կարիք ուներ:

Որն է հիմնական տարբերությունը: Առևտրին առնչվող հատվածը կառուցվել է հիմնականում նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի (ԽՀԱԱԳ) հիմքի վրա, բայց ունի մի էական տարբերություն, այն է, որ նախկինում բանակցված ԽՀԱԱԳ փաթեթը արտոնյալ առևտրային ռեժիմի մասին համաձայնագիր էր, նախատեսում էր ազատ առևտրի դրույթներ: Իսկ այս նոր համաձայնագիրը ազատ առևտուր չի նախատեսում, մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսում, բայց ոլորտային ծածկույթի տեսանկյունից ունի նույն հավակնությունները, ինչը կար ԽՀԱԱԳ-ում: Իր խորությամբ, համագործակցության մեխանիզմներ ներդնելու առումով անհամեմատ ավելի հավակնոտ է, ժամանակի կարգավորումներին համահունչ ձևավորված տեքստ է, քան ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը:

Նոր համաձայնագրում կա 13 ուղղություն՝ ապրանքային առևտուր, ծառայությունների առևտուր, մաքսային վարչարարություն, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, ինչը ենթադրում է ստանդարտացում, սերտիֆիկացում, չափագրում, սանիտարիա, բուսասանիտարիա, մտավոր սեփականության պաշտպանություն, պետական մասնակցությամբ ձեռնարկություններ, մրցակցության ոլորտում համագործակցություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, առևտուր և առևտրին վերաբերող գործընթացների թափանցիկություն, տեղեկատվության հասանելիություն: Բանակցված տեքստը մասնագիտական է, ծավալուն՝ շուրջ 300 էջ: Ծավալն արդեն իսկ հուշում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նեղ մասնագիտական են:

Մենք ունեցել ենք քննարկում նաև ներդրումային առանձին գլուխ ունենալու մասին: Կա երկուստեք պայմանավորվածություն, որը ամենաուշը 2 կամ 3 տարվա ընթացքում ներդրումային գլուխը նույնպես պետք է բանակցվի ու միացվի համաձայնագրին:

- Երբ համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ի՞նչ առավելություններ ենք ունենալու ներկայիս իրավիճակի համեմատ:

- Նախ, ինչպես ասացի, կարիք կար թարմացնելու Հայաստանի և Եվրամիության միջև գործող իրավական փաթեթը, որը ստորագրվել է 20 տարի առաջ: ԵՄ-ում էլ ժամանակ առ ժամանակ կանոնակարգումները թարմացվում են, ձևավորվում են նոր մոտեցումներ՝ ժամանակի պահանջին համահունչ և բնականաբար կարիք կար թարմացնել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը:

Խոսեմ այն մասին, թե ինչ կա այն անմիջապես մեր տնտեսությանը, տնտեսվարողին ու, ընդհանուր առմամբ, Հայաստանին: Տեսեք՝ Եվրամիությունը ՀՀ առաջնային տնտեսական, առևտրական գործընկերն է, ԵՄ-ն 500 միլիոն և ավել բնակչություն ունեցող խոշոր, գնողունակ, զարգացած շուկա է, լուրջ արտահանման շուկա է մեր տեղական արտադրանքի համար, լուրջ աղբյուր է Հայաստանում ներդրումներ կատարելու տեսանկյունից, և անկախ նրանից՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, անդամ չէ, միանշանակ է, որ ԵՄ-ն եղել է Հայաստանի համար կարևոր գործընկեր, կա ու վստահ եմ՝ լինելու է: Արդյոք պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը Եվրամիության հետ կայուն, երկարաժամկետ, կանխատեսելի, վստահելի տնտեսական հարաբերություններ ապահովելու համար: Այո, միանշանակ:

Հաջորդ կարևոր ուղղությունը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունն է, աջակցության գործիքների ծավալուն փաթեթին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ լինելով կարողացավ պահպանել աջակցության բոլոր գործիքները, որևէ գործիք չկասեցվեց ու չսառեցվեց: Ավելին՝ ավելացվեցին նոր գործիքներ, ինչպիսին են «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն: Աջակցության այս բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ կողմից գրանտային միջոցների հաշվին, նույնիսկ բյուջետային աջակցության պարագայում Հայաստանը գեթ մեկ լումա չի ավելացնում պարտքային բեռ: Կարևոր է զարգացման տեմպ, որ այս ամենը բնականոն ընթանա: Համաձայնագրի նախաստորագրումը կկարևորեի այս տեսանկյունից:

Կարևոր է նաև «GSP+» համակարգը, որը իրավական տեսանկյունից կապակցված չէ այս համաձայնագրին: Այն մեծ նշանակություն ունի մեզ համար արտահանման տեսանկյունից, մենք 6400 անուն ապրանք արտահանում ենք ԵՄ, ներմուծում ենք ԵՄ զրոյական մաքսատուրքերով:

Նմանատիպ քայլերով ու իրավական հիմքերով է, որ երկիրն ունենում է կանխատեսելի, կայուն ու վստահելի գործընկերոջ կարգավիճակ: Նման քայլերն իրենց տեղն ունեն, որ պոտենցիալ ներդրողը, գործընկերը՝ ԵՄ-ից, երրորդ երկրից, վստահություն ունենա, որ երկիրը գնում է համագործակցության մեխանիզմ, որը վստահելի ու կանխատեսելի միջավայր է ստեղծում:

- Բազմիցս հայտարարվել է, Դուք էլ ասացիք, որ ԵՄ հետ նոր համաձայնագիրը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Կա՞ այս մասին փաստաթղթում որևէ ձևակերպում:

- Մենք բանակցությունները սկսել ենք 2015թ.-ի դեկտեմբերին, այս մասով քննարկումները սկսեցինք 2016թ.-ի փետրվարից: Ունենալով փաստը, որ նախկինում քննարկելու մի փորձ ունեցել ենք, 1 տարուց ավել մանրակրկիտ քննարկել ենք բոլոր գլուխները, խմբագրումներով ու ձևակերպումներով տվել ենք այնպիսի ընդհանուր պայմանավորվածություններ, որոնք հիմնվել են մեր իմացության վրա, թե ԵԱՏՄ-ում ինչ պարտավորություններ ենք ստանձնել: Բոլոր հարցերում, որտեղ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությամբ պարտավորվել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացնել միասնական, փոխհամաձայնեցված քաղաքականություն, նկատի ենք ունեցել: Խոսքը պարզ նախադասության ընդգրկման մասին չէ: Միայն իմ աշխատանքային խմբում 100-ից ավել մասնագետներ են եղել:

- Իսկ ԵԱՏՄ գործընկերների հետ տնտեսական մասով քննարկումներ կամ խորհրդակցություններ եղե՞լ են:

- ՀՀ-ն, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրները, իրավասու են իրենց երկկողմ հարաբերությունները կառուցել երրորդ երկրների հետ: Մենք ԵԱՏՄ շրջանակներում ունենք զանազան գործընթացներ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակների ներքին քննարկումներին: Բայց ԵԱՏՄ անդամ ցանկացած երկիր իրավասու է իր հարաբերությունները կառուցել որևէ երրորդ երկրի հետ:

- ԵՄ հետ համաձայնագիրը երկկողմ է, բայց, ամեն դեպքում, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարո՞ղ եք ասել՝ փաստաթղթով կա՞ հնարավորություն, որ ԵԱՏՄ անդամ-պետություններից որևէ մեկը մեր տարածքով ԵՄ արտահանում իրականացնի:

- Իհարկե, եթե նույն ԵԱՏՄ որևէ երկրի գործարար հիմնի արտադրական կարողություն ՀՀ տարածքում, արտադրի ապրանք, որը կբավարարի ծագման երկրի կանոններին, ունենա ՀՀ ծագման սերտիֆիկատ: Այդ պահից ապրանքը կարող է արտահանվել դեպի ԵՄ, մաքսազերծվել արտոնյալ պայմաններով, որը տրամադրված է ՀՀ-ին: Խոսքը «GSP+» համակարգի մասին է:

- Պարո՛ն Մելքոնյան, բանակցությունների ընթացքում շատ էին հարցերը, թե ինչո՞ւ են դրանք այսքան ձգձգվում, երբ բանակցվում են արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրի հիմքում: ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից ասում էին, թե անհամաձայնություններ կան Ձեզ վերաբերող առևտրի գլխում, ասվում էր, թե պատճառը ԵԱՏՄ անհամաձայնությունն է: Կարո՞ղ եք բացել փակագծերը:

- Միանշանակ համաձայն չեմ ձգձգում բառի հետ: Մասամբ հումորով նաև արձագանքեմ, որ նախաստորագրումից հետո լրագրողներից հարցեր էի ստանում, թե ինչպես եղավ, որ այսքան շուտ ստորագրեցիք, արդյոք դա արագացում էր: Որոշների կարծիքով՝ դա ձգձգում էր, որոշների կարծիքով՝ արագացում: Մենք արել ենք այն աշխատանքը, որը պետք էր անել: Այս ծավալուն փաթեթը հավուր պատշաճի քննարկել ենք, բանակցել ենք, որտեղ պետք էր խմբագրել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության: Որևէ խնդիր կամ խոչընդոտ չէի առանձնացնի: Եղել են հարցեր, որոնց շուրջ արագ ենք պայմանավորվել, եղել են հարցեր, որոնց շուրջ ԵՄ-ն իր ներքին քննարկումներ է ունեցել, մենք՝ մերը: Սա բնական է:

- Ե՞րբ է նախատեսվում փաստաթղթի ստորագրումը:

- Կարծում եմ, որ իրատեսական է, որ ստորագրումը լինի տարվա երկրորդ հատվածում: Համաձայնագիրը շուրջ 500 էջ է, որը պետք է ճշտվի, խմբագրվի, սրբագրվի, թարգմանվի հայերեն, թարգմանվի ԵՄ պաշտոնական բոլոր լեզուներով:

Մանրամասները՝ տեսանյութում:



+