Մարզերում թեթև արդյունաբերության ճյուղի զարգացումը կնպաստի կանանց զբաղվածության ապահովմանը. Սուրեն Կարայան
25 Մարտ, 2017

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրաձայնվեց մարզերում զբաղվածության խնդիրը, ինչի առնչությամբ Tert.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

-Պարոն նախարար, հատկապես մարզերում զբաղվածության սուր խնդիր կա: Ինչո՞վ է այն պայմանավորված և ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ խնդրին լուծում տալու համար:

- Զբաղվածության խնդիրը սուր արտահայտված է հատկապես այն մարզերում, որտեղ բնակլիմայական պայմանները նպաստավոր չեն և թույլ է զարգացած գյուղատնտեսությունը։ Բացի այդ, տվյալ մարզերում գործում են այնպիսի ձեռնարկություններ, որոնք հիմնականում ապահովում են տղամարդկանց զբաղվածությունը, ինչն էլ ավելի է սրում կանանց զբաղվածության խնդիրը։ Օրինակ, կարող ենք նշել Սյունիքի և Լոռու մարզերը, որտեղ գործում են հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ, և այդ ընկերությունները հիմնականում ապահովում են տղամարդկանց զբաղվածությունը:

Այս տեսանկյունից մեծ դերակատարություն կարող է ունենալ մարզերում թեթև արդյունաբերության ճյուղի զարգացումը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել այդ շրջաններում հատկապես կանանց զբաղվածության ապահովմանը:

-Ինչո՞ւ հատկապես թեթև արդյունաբերությունը և կա՞ն նախադրյալներ դրա համար:

-Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության և աջակցության արդյունքում թեթև արդյունաբերության ճյուղը վերջին ժամանակաշրջանում գրանցում է դինամիկ աճ։ Օրինակ՝ ԱՎԾ-ի կողմից հրապարակվել են 2017թ․ հունվար-փետրվար ժամանակաշրջանի ցուցանիշները, որտեղ արդյունաբերական արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 16,1%-ով: Մասնավորապես՝ հագուստի արտադրության ոլորտում գրանցվել է 60%-ից ավելի աճ, իսկ մանածագործության ոլորտում` աճն ավելացել է շուրջ 3 անգամ։ Աճ է արձանագրվել նաև արտահանման ուղղությամբ։ Իսկ 2016 թվականին թեթև արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալների աճը կազմել է ավելի քան 16%, արտահանվել է ապրանքային արտադրանքի 55%-ից ավելին և արտահանման աճը կազմել է շուրջ 72%։

Մեկ այլ ֆինանսական աջակցության գործիքի կիրառության շրջանակներում ճյուղում գործող ընկերություններ ընդլայնման նպատակով ստացել են մատչելի վարկեր, որոնց տոկոսադրույքի մի մասն էլ սուբսիդավորվել է։

Այս և այլ աջակցության գործիքների կիրառությունն իր նպաստն է ունենում ճյուղի ծավալների աճին և կրելու է շարունակական բնույթ։ Սակայն վերջին ժամանակաշրջանում, չնայած ճյուղի ցուցանիշների դինամիկ աճին, մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ, ներուժն ամբողջական չի օգտագործվում:

-Ներկա փուլում կա՞ն որոշակի զարգացումներ։

-Դրական միտումներ ունենք: Այս պահին էլ հանրապետության մարզերում գործում են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ապահովում են 2000-ից ավել աշխատատեղ` հատկապես կանանց շրջանում: Վերջերս նոր գործարկվեցին ընկերություններ, որոնք մարզերում ստեղծել են շուրջ 350 նոր աշխատատեղ, իսկ Երևանում շուրջ 300 նոր աշխատատեղ, ապահովելով հիմնականում կանանց զբաղվածությունը:

Բազմիցս խոսվել է հանրապետությունում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին, որոնց շնորհիվ կստեղծվեն նոր ձեռնարկություններ կամ կընդլայնվեն գործող ձեռնարկությունները` ապահովելով նոր աշխատատեղեր: Այս ծրագրերի զգալի մասն իրականացվելու է հենց թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր գնահատականներով` այդ ոլորտում 2017 թվականին նախատեսվող ծրագրերը կապահովեն շուրջ 25 մլն դոլարի ներդրում և մոտ 2000 նոր աշխատատեղ: Օրինակ՝ կարող եմ նշել Լոռու մարզում կարի արտադրությունների ընդլայնումը, Շիրակի մարզում թելի արտադրության հիմնումը, Տավուշի մարզում ձեռնոցների արտադրության ընդլայնումը և այլն:

- Հետագա զարգացումների հետ կապված այլ ի՞նչ միջոցառումներ կիրականացվեն Կառավարության կողմից, և արդյոք մասնավոր հատվածի ներգրավման համար քայլեր արվում են:

-Կառավարությունը շարունակելու է իր կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը։ Հաշվի առնելով արդի մարտահրավերները՝ քննարկվում են «հումքից մինչև վերջնական արտադրանք» արժեշղթայում տեղական արտադրության ընդլայնման խնդրի լուծման հարցում պետական աջակցության առաջիկա քայլերը, ինչն անհրաժեշտ է հանրապետությունում առավել բարձր ավելացված արժեքի ստեղծման համար։ Մասնավոր հատվածը նույնպես՝ այս ուղղությամբ գործուն քայլեր է ձեռնարկում․2017թ. իրականացվելիք ներդրումային ծրագրերի մի մասը միտված են լինելու այս խնդրի լուծմանը:

Կկիրառվեն նաև ոչ ստանդարտ մոտեցումներ, որոնք կուղղորդվեն կոնկրետ ձեռնարկություններին և կոնկրետ ծրագրերին, ու այդ միջոցառումների կիրառման հիմքում կդրվի ուղղակիորեն զբաղվածության ընդլայնումը:   

Tert.am