Հունիսի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրման, ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. մարտի 19-ի N 170-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանի նախագծի, ինչպես նաև սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության կազմակերպման ընթացքում առաջացած մի շարք խնդիրների քննարկման նպատակով:
Քննարկումը վարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ով իր խոսքում նշել է. «Առաջարկվող միջոցառումները նպաստելու են հանգստի ապահովման ծառայության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, հնարավոր չարաշահումների կանխարգելմանը, զբոսաշրջային օպերատորների գործունեության դյուրացմանն ու հաշվետվական համակարգի կատարելագործմանը»:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մի շարք զբոսաշրջային օպերատորներ և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչներ: