Հայկական պատվիրակությունը մասնակցել է 21-րդ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին
5 Հունիս, 2017

Հունիսի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել 21-րդ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում տարբեր երկրների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների համախմբման, տնտեսական մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների քննարկման, նոր գործարար կապերի հաստատման և փորձի փոխանակման համար:

Համաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը:

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, որոնց շրջանակում քննարկվել են այլ երկրների հետ ԵԱՏՄ ռազմավարական համագործակցության հնարավորությունները, եվրոպական և եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հեռանկարները, ընդհանուր տնտեսական տարածության ձևավորման ուղղությամբ առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, առևտրի և ներդրումների խթանման հնարավորությունները, մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման, ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հարցերը:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև առանձին թեմատիկ նիստեր` թվային տնտեսության և ինովացիոն զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային առևտրի, արհեստական բանականության, «ամպային» և մաքուր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում հայաստանյան պատվիրակության կողմից կարևորվել է ԵՄ և ԵԱՏՄ միջև համագործակցությունը և նշվել, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Այս ուղղությամբ ընդգծվել է, որ թվայնացումն ու տնտեսության տարբեր ճյուղերի թվային փոխակերպումը /տրանսֆորմացիան/ կարող են կարևոր նախադրյալ հանդիսանալ նշված համագործակցության համար: Բացի այդ նշվել է, որ թվայնացման հետ մեկտեղ համագործակցության կարևոր նախադրյալ կարող է հանդիսանալ նաև տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, ինչը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա: