Քննարկվել են Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
7 Հունիս, 2017

Հունիսի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում արկածային զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանում արկածային զբոսաշրջության գոտիավորման վերաբերյալ համատեղ առաջարկություններ մշակելու և ՀՀ Կառավարություն ներկայացնելու նպատակով:

Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարաման վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Օրակարգում էին արկածային զբոսաշրջության բնագավառում գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Քննարկվել են նաև արկածային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, արկածային զբոսաշրջության երթուղիները խոչընդոտող, ոչ համապատասխան ենթակառուցվածքների խնդիրներին առնչվող հարցեր: Արծարծվել են նաև հարցեր` Հայաստանի և հայկական արկածային զբոսաշրջային արդյունքը ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու և գովազդելու վերաբերյալ:

«Հայաստանն արկածային զբոսաշրջության համար իսկապես ﬔծ պոտենցիալ ունի։ Այս ոլորտում, դեռևս չլուծված խնդիրներ կան: Մենք նպատակ ունենք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի խնդիրների լուծմամբ, իրավական հարցերի կարգավորմամբ։ Ինչպես նշում են ոլորտի մասնագետները շատ հաճախ ծրագրված արշավները չեն կարողանում իրականանալ մի շարք խոչընդոտող հանգամանքների պատճառով»,-նշել է Զարմինե Զեյթունցյանը։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի առաջարկով որոշվել է կազմել համապատասխան փաստաթուղթ` ուղղված արկածային զբոսաշրջային երթուղիների գույքագրմանը։

Նշենք, որ այսօր աշխարհում արկածային զբոսաշրջությունը զբոսաշրջության ամենաարագ աճող ձևերից է։