Այս տարի ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում կներկայացվի Հայաստանի զեկույցը
14 Հունիս, 2017

Հունիսի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմպսոնին և «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» և «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ընթացքի, ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ՝ դրական գնահատելով ծրագրի ազդեցությունը։ Գարեգին Մելքոնյանը ՏԶՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՓՄՁ վիճակագրության վարման անհրաժեշտությունը։

Նույն օրը տեղի է ունեցել 2015 թ.-ի մարտին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» և «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի նիստը:

Նիստը համանախագահել են` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Գարեգին Մելքոնյանը նշել է.

«ՏՀԶԿ հետ սկսել ենք ինտենսիվ համագործակցել մոտ 2 տարի առաջ: Այս ծրագիրը նպատակ ուներ օգտագործելով ՏՀԶԿ մասնագիտական կարողությունները Հայաստանում իրականացնել ուսումնասիրություն, բացահայտել այն հնարավորությունները, որ կարելի է զարգացնել մասնավորապես երկու ուղղություններով` ՓՄՁ զարգացում, միջազգայնացում և արտահանման զարգացում` շեշտը դնելով փոքր բիզնեսի վրա և նաև ներդրումների ներգրավում` անդրազգային ընկերությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծմամբ, ձևավորել կատարվելիք քայլերի ճանապարհային քարտեզ, որը նպատակ կունենար բարելավելու նշված ուղղությունները և հետագայի համար ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ»:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին` նա նաև ավելացրել է, որ ՏՀԶԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հնարավոր եղավ նախատեսված աշխատանքները կյանքի կոչել կարճ ժամանակահատվածում, և այս տարվա վերջում, արդեն իսկ կներկայացվի կատարված աշխատանքների արդյունքը:

Մելքոնյանը նաև վստահություն է հայտնել, որ հենվելով շատ դրական փորձի վրա հետագայում ևս հնարավոր կլինի համատեղ գործունեություն ծավալել և համագործակցել այլ ոլորտներում:

ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնն իր հերթին ողջունել է նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար և նշել.

«Թե’ ես և թե’ իմ գործընկերները շատ տպավորված ենք Հայաստանի արձանագրած հաջողություններով, մասնավորապես, արտահանման և ներդրումների խթանման մասով: Հոկտեմբերին նախատեսվող Եվրասիական մրցունակության հարցերով կլոր սեղան-քննարկմանը Հայաստանը լինելու է ուշադրության կենտրոնում և ներկայացնելու է իր առաջընթացը այլ երկրներին, նաև սովորելու է այլ երկրների փորձը: Մասնակցելը այդ կլոր սեղանին Հայաստանի համար ևս մեկ հնարավորություն է ցույց տալու համար իր կատարած աշխատանքը»:

Թոմփսոնը նաև նշել է, որ 2014 թվականից սկսած ՏՀԶԿ-ն արդեն իսկ ներկայացրել էր առաջարկներ, որոնց մասով Հայաստանը առաջընթաց է գրանցել և այսօրվա հանդիպման նպատակն է ամբողջացնել փորձագիտական գնահատականները և տեսնել ինչ է արվել:

«Նաև այսօր այստեղ ենք քննարկելու Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրերը, ընթացիկ ծրագրերը: Ծրագիրն ավարտին է մոտենում, այդ իսկ պատճառով քննարկելու ենք նաև, թե ինչ ուղղություններով կարող ենք շարունակել համագործակցությունը, մասնավորապես ՓՄՁ զարգացման, արտահանման և ներդրումների խթանման մասով»,-ավելացրել է նա:

Նիստի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ կողմից կատարված աշխատանքների հիման վրա ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի նախագիծը։ Զեկույցը 2017թ.-ի հոկտեմբերին պաշտոնապես ներկայացվելու է ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում։

Լրացուցիչ տեղեկատվություն

2013թ.-ի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ.-ի ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում, և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:

Ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից` ԳՄՀԸ գործընկերությամբ, այն համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակներում:

2014թ.-ի նոյեմբերին Փարիզում ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում տեղի է ունեցել ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ ամփոփվել են ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և ներկայացվել են ՀՀ-ում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցները հետևյալ ոլորտներում` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

Հետազոտությունների արդյունքում ՏՀԶԿ կողմից ներկայացվել են հետևյալ հիմնական առաջարկությունները`

Ագրոբիզնեսի ոլորտում`

• Առաջարկվում է արտահանման խրախուսման նպատակով ուշադրությունը կենտրոնացնել մեծամասշտաբ մարքեթինգի իրականացման, ինֆորմացիայի հավաքման և ուսուցման վրա:
• Բարելավել արտահանման ենթակառուցվածքները՝ օժանդակելով վերամշակված պտուղ-բանջարեղենի մեկ միասնական պահեստի և շուկայի ձևավորմանը, որտեղ կկատարվեն նաև տեսակավորումն ու սերտիֆիկացումը:
• աջակցություն արտահանման վարկավորմանը՝ ստեղծելով Արտահանման երաշխավորման հիմնադրամ:
• բարելավել արտահանման խթանումը նպատակային արտահանման ծառայություններ և արտահանմամբ զբաղվող մարքեթինգային թիմեր ձևավորելու միջոցով:

Շինարարական նյութերի ոլորտում`

• կատարելագործել շինություններում էներգաարդյունավետության պահանջների կիրառման տեխնիկական կանոնակարգերը
• օպտիմալացնել շինարարության թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերը
• ստեղծել ՕՈՒՆ-ՓՄՁ կապերի համակարգ

2015թ. տպագրվել են զեկույցները և սկիզբ է դրվել իրականացման փուլին։ Պարբերաբար տեղի են ունեցել ՏՀԶԿ ներկայացուցիչների այցեր Երևան՝ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու համար։ Ներկայումս մեկնարկել է ծրագրի բարեփոխումների իրականացման մոնիթորինգի գործընթացը:

+