Քննարկվել է «Մեր Գյուղը» խորագրով փառատոն կազմակերպելու առաջարկը
20 Հունիս, 2017

Հունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկության շրջանակներում։

Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել ամենամյա փառատոն – տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։

Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկմանը մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։

«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,-իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր - հեկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:

«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։