National Instruments-ի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները
28 Հունիս, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆրենսիս Գրիֆիթսը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրներում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ Ռոբերտ Մորթոնը, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»-ի տնօրեն Արամ Սալաթյանը:

«ՀՀ կառավարությունը «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ ունի համագործակցության հաջող փորձ։ Կարող եմ մատնանշել ընկերության հետ համատեղ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանում հիմնված և ներկայումս հաջողությամբ գործող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ում ճարտարագիտության ոլորտի զարգացման գործում»,- նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, ինովացիոն ոլորտի զարգացումն ու թվայնացումը կարևոր նախադրյալ են Հայաստանի տնտեսության զարգացման համար․ «Այս տեսանկյունից մեծապես կարևորվում է տնտեսության տարբեր ճյուղերում ինովացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ արդեն իսկ մեկնարկել են ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները, և այս համատեքստում շատ կարևոր է նաև «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ համագործակցությունը»,- ասել է Տարասյանը: Նշվել է, որ ներկայումս իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները, և նշված ծրագրում ևս ՀՀ կառավարությունը կարևորում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ փոխշահավետ համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ շարունակական համագործակցությանը, մասնավորապես, քննարկվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ հենքի վրա համատեղ նոր ծրագրերի իրականացման և կրթական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել քննարկելու համատեղ նոր նախաձեռնություններ, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալու վերոնշյալ ծրագրերին: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ կատարած շրջայցի ընթացքում տպավորված են ծրագրի հաջող իրականացմամբ և տեխնոլոգիական ոլորտի հայ ուսանողների ու մասնագետների բարձր պատրաստվածությամբ, ինչը կարևոր նախադրյալ է ճարտարագիտության ոլորտի զարգացման համար: