Հուլիսի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներին: Նախօրեին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև կնքվել է երկկողմ համագործակցության հուշագիր:
Ողջունելով հյուրերին Հովհաննես Ազիզյանը կարևորել է երկու երկրների գիտական հաստատությունների միջև համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետ կլինի:
«Չինական ուղղությունը Հայաստանի համար շատ կարևոր է, նախարարությունների մակարդակով համագործակցությունը բավականին ակտիվ է, իսկ ակադեմիաների միջև համագործակցությունը կարելի է միայն ողջունել: Սա նաև լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ առկա առևտրա-տնտեսական համագործակցությունն ավելի խորացնելու գործում»,-նշել է նա:
Չինական պատվիրակության ղեկավար Յան Ցզյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանը ևս կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ, հատկապես հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Նա նաև ավելացրել է, որ Չինաստանում շատ ներդրողներ կան, որոնք պատրաստ են և ցանկություն ունեն Հայաստանում ներդրումներ անելու, սակայն տեղեկատվության պակաս ունեն և ավելացրել, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան կարող է կամուրջ հանդիսանալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնելու գործում:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտադրություններն ու նպատակները` հավաստիացնելով, որ պատրաստ են անելու հնարավորինս հայ-չինական կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Հ. Ազիզյանը նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է տրամադրելու և օժանդակելու անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում, առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել, անցկացնել գիտական հետազոտություններ և վերլուծություններ, կազմակերպել լեկցիաներ, շնորհանդեսներ, պատրաստել համատեղ զեկույցներ, ընդգրկել դրանք տպագիր բուկլետներում և տարածել ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում: