Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ին՝ Շիրակի և օգոստոսի 23-ին՝ Սյունիքի մարզում կազմակերպվել են հանդիպում-իրազեկումներ ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումներին ներկա են գտնվել նաև մարզպետները:
Հանդիպումների ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ստուգումները, ինչպես նաև տնտեսվարողներից ստացվող հարցումները ցույց են տվել, որ իրազեկման անհրաժեշտություն կա և այդ նպատակով էլ նախաձեռնվել են այս հանդիպում-իրազեկումները տնտեսվարողների հետ, որոնց հիմնական նպատակն է վերջիններիս տեղեկացնել ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ստուգումների արդյունքներին, արձանագրված հիմնական խնդիրներին։
Նա նաև կոչ է արել տնտեսվարողներին տեսչական մարմինը չընդունել որպես ստուգող և պատժող մարմին։ «Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե ստուգանող կառույց ենք, այլ կոչ ենք անում համագործակցել մեզ հետ: Պետք չէ խուսափել կամ վախենալ ոչ պարենային շուկայում պարբերաբար իրականացվող տեսչական ստուգումներից: Դրանք չեն կատարվում որևէ մեկին տուգանելու նպատակով: Պատրաստ ենք գալ, հանդիպել և օգնել ձեզ, որպեսզի հաջորդ ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն»,- ավելացրել է Լևոն Խալիկյանը:
Շիրակի մարզում Լ.Խալիկյանը խոսել է խաղալիքների, գազալցակայանների, բենզինի և ավտոմոբիլային յուղերի բնագավառում հնարավոր, ինչպես նաև արդեն հայտնաբերված խախտումների մասին:
Սյունիքի մարզում տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են երկրորդ եռամսյակում մարզում կատարված ստուգումների արդյունքները, խնդիրները, ծանոթացրել ոլորտում առկա նորություններին: Հատկապես նշվել է, որ շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, որն էլ երբեմն, բալոնների մաշվածության պատճառով, հանգեցնում է պայթյունների և մարդկային կորուստների։ Մասնագետները տնտեսվարողներին հորդորել են հետամուտ լինել խնդրին։
Հանդիպումների ժամանակ նաև նշվել է, որ շուկան կարգավորելու գործում միայն պետական վերահսկողությունը բավարար չէ, կարևորվել է տնտեսվարողների և սպառողների իրազեկված լինելը, ինչպես նաև ՀԿ-ների և ԶԼՄ-ների դերը, որոնք հասարակական վերահսկողությունն են ապահովում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են տնտեսվարողներին հետաքրքրող հարցերին։