Օգոստոսի 27-31-ը Մոսկվայում անցկացվում է Bee-Buyer միջազգային գործարար հարթակը, որտեղ նախապես կազմակերպված հանդիպումների ընթացքում ռուսական գնորդները ծանոթանում են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծված «5900 BC» ապրանքանիշի հայկական նորաձև հագուստի հավաքածուներին և քննարկում գործնական կապերի ստեղծման նոր հնարավորությունները։
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Մոսկվայի «Expocentre» կենտրոնում անցկացվում է Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսը, որտեղ 27 մասնակից երկրներ ներկայացնում են 1000 հավաքածու։ Հայկական նորաձևության «5900 BC» ապրանքանիշն այս միջոցառմանը մասնակցում է հինգերորդ անգամ՝ ներկայանալով իր վեցերորդ՝ գարուն/ամառ 2018 հավաքածուով: Ավելի քան 22 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ: Ապրանքանիշն առաջին անգամ ներկայանում է նաև նորաձև կոշիկների հավաքածուով։ Հագուստի նորաստեղծ գարուն-ամառ 2018 հավաքածուն երեք օր շարունակ կներկայացվի նաև ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող նորաձևության ցուցադրությունների ընթացքում։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև Հայաստանի հագուստի և կոշկեղենի արտադրության ոլորտը ներկայացնող ծրագրի 16 շահառու ընկերություններ։
«5900 BC» ապրանքանիշը ՄԱԱԶԿ (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրում ընդգրկված հագուստ և կոշկեղեն արտադրող հայ մասնագետների և իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:
2014թ. սեպտեմբերին մեկնարկած ծրագիրը միտված է Հայաստանում հագուստի և կոշկեղենի արտադրության ավանդույթների վերականգնմանը և զարգացմանը: 2017 թվականին մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը ՄԱԱԶԿ և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի միջև ստորագրված հուշագրով՝ ներգրավելով այս անգամ նաև կոշիկի արտադրության ոլորտը։
ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով`
_ Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսներին, մասնավորապես այսօրվա ցուցահանդեսին Հայաստանի շուրջ 16 արտադրողների մասնակցությունը և հաջորդ մասնակցությունը խոսում է այն մասին, որ այն ծրագրերը, որոնք մշակված են Հայաստանում, մասնավորապես ՀՀ կառավարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տալիս են իրենց ռեալ արդյունքները: Դրա մասին է վկայում նաև վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը: Ես կարող եմ մեծ պարծանքով նշել, որ 2016թ և 2017թ. առաջին կիսամյակի կտրվածքով պատրաստի հագուստի ներմուծումը ռուսական շուկա աճել է ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի տասնյակ անգամ: Եվ տեսնելով այս հետաքրքրությունը, կարող եմ ասել, որ մեր արտահանման ծավալների աճի դինամիկան հաջողությամբ կշարունակվի: Հույս ունենք, որ տարեվերջին մենք կտեսնենք ավելի զգալի աճ, հայաստանյան թեթև արդյունաբերության արտադրանքի ռուսական շուկա ներմուծման:
Ըստ ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանի`
- 2017թ. կլինի բեկումնային տարի թեթև արդյունաբերության զարգացման համար: Դրան նպաստել է իհարկե և կառավարության աջակցությունը` ի դեմս տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, UNIDO-ի և՛ միջազգային և՛ ազգային փորձագետների անմիջական աջակցությունը հագուստի և կոշիկի ոլորտում: Առաջին անգամ այստեղ ներկայացված է նաև հայկական կոշիկը և կարծում ենք, որ CPM–ում սա կլինի հետաքրքիր նաև ռուսական գնորդների համար: Ռուսական ցանցերը պատրաստակամ են տեղադրելու նորանոր պատվերներ և ընդլայնելու իրենց համագործակցությունը Հայաստանի հետ:
Ռուսական ցանցի ներկայացուցիչ Մակսիմ Կլիշենկոն տպավորված է հայկական տաղավարով:
-Սկսում ենք աշխատել Յունիդո ծրագրի հետ: Շատ հետաքրքիր ծրագիր է, շատ պրոֆեսիոնալ թիմ է: Հիմա Հայաստանի արտադրությունը վերելք է ապրում: Շատ մեծ ներդրումներ են արվում, ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ներդրողների կողմից: Այնպես, որ հուսով ենք, որ հաջորդ սեզոնին արդեն կունենանք փորձնական պատվերներ, իսկ հետագայում նաև մասսայական:
Ռուսական ցանցի ներկայացուցիչ, արտադրության գծով տնօրեն Իրինա Մակայեդն էլ իր խոսքում նշում է .
-Դեռևս նախորդ ցուցահանդեսի շրջանակում չկարողացա անտարբեր մնալ հայկական տաղավարի նկատմամբ: Հաստատեցինք կապեր, այցելեցի Հայաստան, եղա մի քանի ձեռնարկություններում, քանի որ մենք ինքներս էլ առևտրա-արտադրական ընկերություն ենք և մտադրություն ունենք նոր հարթակներ գտնելու: Շատ տպավորված եմ Հայաստանով, հատկապես աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, թեթև արդյունաբերության ոլորտի նկատմամբ ուշադրությամբ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Այսօր Հայաստանում գործող հագուստ և կոշկեղեն արտադրող 23 ձեռնարկություններ միավորվել են «5900 BC» ապրանքանիշի ներքո՝ մշակելու և ստեղծելու նորաձև հագուստի և կոշիկի համատեղ հավաքածուներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից գնորդների պահանջներին և ճաշակին:Ծրագրի աջակցությամբ ստեղծվել է «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցը, որը միտված է ոլորտին անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը: Դպրոցի մասնագետները վերապատրաստվել են Միլանի «Istituto di Moda Burgo» նորաձևության դպրոցում, որոնք 2015թ. փետրվարից սկսել են դասավանդել «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցում Բուրգո դպրոցի դասագրքերով և մեթոդաբանությամբ:Երեք տարվա ընթացքում «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի փորձագիտական խմբին հաջողվել է կազմակերպել ընկերությունների մասնագիտական կարողությունների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք գործնական դասընթացներ, մշակել ու ստեղծել որակապես բարձր հագուստի վեց հավաքածու, ծավալել արտահանմանն ուղղված գործունեություն՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների և գործարար հարթակների, ստեղծել գործնական կապեր Ռուսաստանում նորաձև հագուստի խոշորագույն արտադրողների և իրացնողների հետ: Արդյունքում ծրագրի շահառու ձեռնարկություններից շատերն արդեն մի քանի պայմանագիր են կնքել և երկարաժամկետ կայուն համագործակցության հնարավորություն ստացել ռուսական խոշորագույն ցանցերի և ընկերությունների հետ։ Ծրագրի փորձագիտական խումբը իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ձեռնարկություններին որակյալ նմուշների պատրաստման և արտահանման հետ կապված իրավաբանական, մարքեթինգային, ֆինանսական և այլ հարցերի շուրջ: Բանակցություններն այլ ընկերությունների հետ շարունակվում են նորանոր պատվերներ ունենալու և երկարաժամկետ համագործակցություն հաստատելու ակնկալիքով։