Սեպտեմբերի 22-23-ը Երևանում անցկացվելու է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով
հոդված
Կցված Ֆայլեր

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 22-23-ը Երևանում` «Օպերա Սուիթ» հյուրանոցում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի), անցկացվելու է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:

Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:

Երկօրյա համաժողովի առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցերն ու ծրագրերը, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ: Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար:

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց գրանցվել հետևյալ հղումով:

Կից տրամադրում ենք միջոցառման նախնական օրակարգը և միջոցառմանը մասնակցող իրանական ընկերությունների մասին համառոտ նկարագիրը:

Հարցերի դեպքում զանգահարել (+374 11) 597 143 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն` ggrigoryan@mineconomy.am էլ. փոստի հասցեով:


+