2017 թվականի 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, համեմատած 2016 թվականի 7 ամիսների, 6,2 տոկոսի աճ է գրանցել: ԱԺ-ում լրագրողների հետ այսօր ունեցած զրույցում այս մասին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ գնահատելով Կառավարության մեկամյա գործունեությունը:
«Երկրորդ կարևոր ցուցանիշը արդյունաբերության աճն է: Արդյունաբերության ոլորտում աննախադեպ՝ 12,7 տոկոսի աճ ենք արձանագրել: Արտահանման աճը 21 տոկոսից ավելի է, ինչպես նաև աճ ունենք առևտրաշրջանառության և ծառայությունների մասով: Այս թվերը վկայում են այն մասին, որ գործող կառավարության կողմից ընտրված տնտեսական զարգացման մոդելն իրեն արդարացնում է»,- նշեց նախարարը:
Հարցին՝ ինչու շարքային քաղաքացին իր վրա չի զգում տնտեսական վիճակի բարելավման արդյունքները, Սուրեն Կարայանը պատասխանեց՝ ՀՀ ազգաբնակչությունը փոփոխությունները կզգա որոշ ժամանակ անց:
«Երբ այս տնտեսական աճը և աճի տեմպերը որոշակի ժամանակահատվածում պահպանենք: Ներկայումս ազգաբնակչության որոշակի մաս արդեն իսկ իր վրա զգացել է դրական փոփոխությունները: Ստեղծվել են բազմաթիվ նոր աշխատատեղեր, որոշ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ: Տնտեսական աճը չի կարող չանդրադառնալ ՀՀ քաղաքացու վրա»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Գործադիրի ներկայացուցչի խոսքով, ամենատարբեր ոշլորտներում նոր աշխատատեղեր ստեղծվել են գրեթե բոլոր մարզերում:
«Ինձ մոտ այն տպավորություն է, որ որոշ դեպքերում չեն ուզում նկատել լավը: Բոլոր ոլորտներում էլ առաջընթաց կա, հատկապես զգալի աճ ունենք արդյունաբերության ոլորտում»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք փոքր չէ՞ նախապես հայտարարված ներդրումների ծավալը (տարեսկզբից մինչ այժմ 800 միլիոն դոլարից մոտ 40 տոկոսն է կատարվել)։
«Ոչ քիչ չէ»,-պատասխանեց նախարարը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ բոլոր ներդրումային ծրագրերը 100 տոկոսով կիրականացվեն: