Հայաստանի արդյունաբերական ներուժը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովին
23 Սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 18-20-ը տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում տեղադրվել էր ցուցահանդեսային հարթակ, որտեղ իրենց նվաճումներով և նորարարական լուծումներով հանդես եկան արդյունաբերության տարբեր ոլորտի կազմակերպություններ։

Մասնավորապես «Մեդիտրինա Ֆուդս» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվեց հայկական թեյախմություն (ներկայացված էր Արմենիակ և Մանանա ընկերությունների թեյերի տեսականին), որը համադրված էր ընկերության կողմից արտադրվող տարատեսակ նորարարական ուտեստների, քաղցրավենիքների հյուրասիրությամբ։

Հայկական գինիների, կոնյակի և գարեջրի համտես-հյուրասիրությամբ հանդես եկավ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ ներկայացնելով Պռոշյանի կոնյակի գործարանի, «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ-ի, «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի և «Ոսկեվազի Գինու Գործարանի» գինիների ընտրանին, Երևանի կոնյակի գործարանը՝ «ԱՐԱՐԱՏ» կոնյակների որոշ տեսակների մատուցմամբ և «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ լցնովի մուգ և բաց գարեջրի, ինչպես նաև հայկական գարեջրի պատմության և զարգացումների ներկայացմամբ։

«Մեգերյան Կարպետ» ընկերության կողմից թեթև արդյունաբերության հարթակում ցուցադրվեց գորգագործության հայկական ժառանգությունը՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին տեղում ծանոթանալու գորգագործության գործընթացին:

«Արմենիան Բրենդս» ընկերության և ՄԱԱԶԿ 5900 BC-ի կողմից նորաձևության հարթակում մոդելներն ինտերակտիվ կերպով /live stand/ ներկայացրեցին հագուստի զարգացման շղթան` սկսած հայկական տարազներից մինչև մերօրյա նորաձևությունը՝ ներգրավելով և համադրելով հագուստի, պայուսակների, կոշիկի և ոսկերչական իրերի արտադրության ոլորտների հայկական շուրջ 30 ընկերությունների և դիզայներների աշխատանքներ, այդ թվում՝ «Դավթյան Դիզայնս» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ, «Մելանտե» ՍՊԸ, «Նանման» ՍՊԸ, «Հելլո» ՍՊԸ, «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ, «Լենտեքս» ՍՊԸ, «Լում Վիվինգ» ՍՊԸ, «Աստելլե» ՍՊԸ, «Բիայնի», «Ամորե», «Սալի», «Կիվետաթ», Վիոլիկ Քոչարյան, «Մավիտա», «Նարեզ», Գայանե Մարտիրոսյան, «Մյուզ», «Ալիսա», «Տերյան» մշակութային կենտրոն, Հայկական արվեստի պատկերասրահ և Հայկական ձեռագործ ցուցասրահ։

Բնական կոսմետիկական միջոցների տեսականին՝ որպես զարգացման նոր ուղղություն, հյուրերին ներկայացրեց «Նաիրիան» ՍՊԸ-ն՝ տեղում ծանոթացնելով նաև էքստրակտի ստացման գործընթացին։

«Տեխնոլոգիական Հայաստան» բաժնում ներկայացված էին ոլորտում ինովացիոն ծրագրերով, նախագծերով, նորարարական լուծումներով և հավելվածներով հայտնի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ, «Լոկատոր» ՍՊԸ, «Քվանտ» վարժարան, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և «Այ Իքս-Թեք» ՍՊԸ։

«Վերածնունդ» բաժնում իրենց տնտեսական և մշակութային ձեռքբերումները ցուցադրեցին սիրիահայերը՝ Գէորգ Շատոեան, Սալբի Քէլէշեան Մօմճեան, Անժելա Գրգեան, Այտա Սանդուրեան, Մարալ Շէօհմէլեան` ներկայացնելով նորաձևության, նկարչության բնագավառում իրենց մոտեցումները:


+