«Խելացի դրամապանակները» կարտադրվեն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում
22 Սեպտեմբեր, 2017

Կառավարության՝ սեպտեմբերի 22-ին կայացած նիստի որոշմամբ «ԷՌԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար:

Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի: Ընկերությունն իրականացնելու է ներդրումային ծրագիր շուրջ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով, ծրագրի շրջանակներում կստեղծվի 15 նոր աշխատատեղ, հետագայում ՝ թիվը հասցնելով մինչև 50-ի: Արտադրանքի հիմնական մասը կազմակերպությունը պատրաստվում է արտահանել՝ 2018թ․ 0.5 մլն դոլարի արտադրանք, իսկ հաջորդ տարիներին այդ ծավալը հասցնել 2 մլն դոլարի։

«Խելացի» դրամապանակներն  օժտված են լինելու հեռակառավարվող ազդանշանային համակարգով, տեսախցիկով, GPS և այլ սարքերով։