Երևանում այսօր բացված իրանական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսը լուրջ իրադարձություն է առևտրատնտեսական բնագավառում հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին այսօր ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Վերջինս ասաց, որ Իրանում հայկական ապրանքների ցուցահանդեսը և Երևանում իրանական ապրանքների ցուցահանդեսը կդառնան ավանդույթ ու իրենց մեծ լուման կունենան հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու հարցում։
«Իրանցի գործընկերների հետ մենք բազմիցս արձանագրել ենք, որ հայ-իրանական հարաբերություններն առևտրատնտեսական ոլորտում դեռ չեն բավարարում, բավականին մեծ ներուժ կա չօգտագործված։ Պետք է ջանքեր չխնայենք, որպեսզի մեր հարաբերություններն այս ոլորտում հասցնենք մեր բարեկամական լավ հարաբերությունների մակարդակին»,- ասաց Կարայանը:
Tert.am-ի հարցին` ո՞ր ուղղությամբ են ջանքեր գործադրվելու, որպեսզի ծավալների աճ լինի, Կարայանը պատասխանեց. «Համատեղ արտադրություններ հիմնելով, արտադրական կոոպերացիան զարգացնելով, երկու երկրների հնարավոր առևտրային առավելությունները օգտագործելով»:
Հարցին՝ ինչո՞ւ մինչ այս այդ պոտենցիալը չէր օգտագործվում, նախարարը պատասխանեց. «Հիմա սկսել է օգտագործվել: Եթե հետևեք, կտեսնեք, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունն անգամներով աճել է»: