Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 27-ին հրապարակած` «Կարգավորման արդյունավետության և որակի գնահատում» վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (45-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 2 կետով` բարձրանալով 43-րդ տեղը:

«Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներից Համաշխարհային բանկի կողմից հաշվի են առնվել հետևյալ բարեփոխումները`

Արտաքին առևտուր (դիրքը բարելավվել է 29 կետով, 58-րդ տեղից բարձրանալով 29-րդ տեղը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:

Պայմանագրերի կիրարկում (դիրքը բարելավվել է 8 կետով` 36-րդ տեղից բարձրանալով 28-րդ տեղը):

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

Շինարարական թույլտվությունների ստացում (դիրքը բարելավվել է 10 կետով` 72-րդ տեղից բարձրանալով 62-րդ տեղը):

Ցածր ռիսկային շինարարական նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետահատակագծային նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: