Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2017» զեկույցում

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» վարկանիշային զեկույցի տվյալներով Հայաստանը 190 երկրների (ավելացել է Սոմալին) շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 1,47% աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 73,63 միավոր, ինչը ենթադրում է, որ բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում` 0: Համեմատության համար նշենք, վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Նոր Զելանդիայում գրանցվել է 87,01 միավոր:

«Գործարարությամբ զբաղվելը 2017» զեկույցում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներից Համաշխարհային բանկի կողմից հաշվի են առնվել հետևյալ բարեփոխումները`

Վարկերի ստացում (դիրքը բարելավվել է 22 կետով, 42-րդ տեղից բարձրանալով 20-րդ տեղը:)

Հայաստանը բարելավել է վարկերի հասանելիությունը ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան, ինչպես նաև վարկերի վերաբերյալ տեղեկատվական համակարգը՝ ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը։

Պայմանագրերի կիրարկում (դիրքը բարելավվել է 7 կետով` 35-րդ տեղից բարձրանալով 28-րդ տեղը).

Հայաստանը բարելավել է պայմանագրերի կիրարկման ոլորտը՝ ներդնելով կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ և հիմնելով հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ:

«Էլեկտրականության միացում» (դիրքը բարելավվել է 9 կետով` 85-րդ տեղից բարձրանալով 76-րդ տեղը): Սույն ցուցիչի մասով կրճատվել է էլեկտրականության օրերի թիվը` 49-ով: