Սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ 31 մարզային զբոսավարների վկայականների շնորհում, առ այն, որ նրանք ավարտել են Հայ զբոսավարների գիլդիայի և հրավիրված դասընթացավարների և հավատարմագրված զբոսավարների կողմից իրականացված ինտերակտիվ դասընթացների կուրսը։ Դասընթացը կազմակերպվել էր Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Իմ Հայաստան ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, ինչպես նաև Հայ զբոսավարների գիլդիայի տնօրեն Լիա Բախշինյանն իրենց խոսքով հանդես եկան միջոցառման բացմանը։
«Հայաստանն այսօր բազմաթիվ պրոդուկտներ ունի ցուցադրելու այցելուներին՝ կենդանական հարուստ տեսակներ, բնության գեղեցիկ լանդշաֆտներ, կոլորիտային գյուղական համայնքներ, մշակութային ժառանգություն, տաղանդավոր վարպետներ, որոնք այսօր կարիք ունեն կատարելագործվելու և ներկայացվելու աշխարհին։ Զբոսավարներն այն դեսպաններն են, ում ուսերին է այս ծանր և պատասխանատու գործը։ Պետք է անընդհատ զարգացվեն և թիրախային համարվեն զբոսաշրջության ոլորտում ծառայություն մատուցող մասնագետները, նրանց կարողությունները զարգացվեն ըստ շուկայի պահանջների, ինչպես նաև մարքեթինգային աշխատանքներ տարվեն ավելի վաճառվող և տուրիստի տեսանկյունից հետաքրքրաշարժ առաջարկներ ունենալու ուղղությամբ հենց մարզերում»,- իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
«Իմ Հայաստան ծրագիրն աջակցում է Հայաստանի ներառական և դինամիկ տուրիզմի զարգացմանը մարզերում։ Այդ պատճառով մարզային մասնագետների գիտելիքների զարգացումն առաջնահերթ է ծրագրի համար։ Միջազգային և հայ զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են մարզային զբոսավարներին, այսպիսով նրանց մատուցած ծառայությունների և գիտելիքի որակը ուղիղ ազդեցություն ունի այցելուների տպավորությունների և որոշումներ կայացնելու վրա։ Այս միջոցառումը կոչված է արժևորելու և ևս մեկ անգամ հիշեցնելու մասնակից զբոսավարներին, թե ինչ արժեքավոր ազդեցություն ունեն Հայաստանի տուրիզմի զարգացման գործում», - ասաց Իմ Հայաստան ծրագրի ղեկավար՝ Սիսակ Մխիթարյանը։
Իսկ Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանի ելույթը հետևյալն էր․«Անհամբեր սպասում ենք, որ մեր դասընթացներով վերապատրաստված մարզային զբոսավարներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառեն արդեն իրենց համայնքներում, ներգրավեն ավելի շատ այցելուներ և խթանեն տեղական ապրանքների պահանջվածությունը տեղական շուկաներում»։
Մարզային համայնքներում մրցունակ աշխատուժի և հավելյալ աշխատատեղերի ստեղծման նպատակով Իմ Հայաստան ծրագիրը նախաձեռնել էր 7-շաբաթական դասընթացների կուրս Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերի մասնագետների համար։ Երեսունմեկ համայնքային մասնագետներ մասնակցել էին ամենօրյա ինտերակտիվ դասընթացներին՝ ստանալու գիտելիքներ հայոց պատմության, մշակույթի, ճարտարապետության, ազգագրության, հնագիտության, բնության և կենդանական աշխարհի, բնապահպանական խնդիրների, ինչպես նաև զբոսավարի էթիկայի և մասնագիտական այլ հմտությունների վերաբերյալ։