Սուրեն Կարայանը գործընկերների հետ քննարկել է ԵԱՏՄ համատեղ կոոպերացիաների հիմնման հնարավորությունները
6 Հոկտեմբեր, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին և Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին։

Նախարարների հանդիպման օրակարգում են եղել համատեղ արդյունաբերական կոոպերացիաներ հիմնելուն առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համադրել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժը՝ ստեղծելով արտադրություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել օգնել և աջակցել ԵԱՏՄ երկրների գործարարներին համագործակցություն հաստատելու հարցում։ Քննարկվել են նաև ազատ տնտեսական գոտիներում, մասնավորապես «Մեղրի» ազատ տնտեսական գոտում համատեղ գործունեություն ծավալելու նախադրյալները։

Սուրեն Կարայանը, Դենիս Մանտուրովը և Վիտալի Վովկն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հեռանկարին։

Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել պարբերական ձևաչափով հանդիպել և քննարկել ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական հարցերը իրենց գործընկերների հետ։


+