Սուրեն Կարայանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարարին
30 Հոկտեմբեր, 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ։

Սուրեն Կարայանը, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը Ավետիս Կիտանյանի հետ քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության ակտիվացմանը նոր թափ հաղորդելու ուղիները՝ հաշվի առնելով Երևան-Բեյրութ ուղիղ չվերթների առկայությունը։ Նախարարներն ընդգծել են, որ զբոսաշրջության զարգացման գործում շատ օգտակար կարող է լինել երկու երկրների փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը։

Կողմերը քննարկել են դեպի Հայաստան լիբանանցի զբոսաշրջիկների այցելություններն ավելացնելու հնարավորությունները, ընդ որում՝ ոչ միայն ծագումով հայ։ Լիաբանանի զբոսաշրջության նախարարը նշել է, որ շատերը Լիբանանում անհամբերությամբ սպասում են «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» երթուղու մեկնարկին։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիբանանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև երկկողմանի լրագրողական այցելությունների կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին նախարար Կարայանը Ավետիս Կիտանյանին հրավիրել է Հայաստան։