Զարմինե Զեյթունցյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտի հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները
9 Նոյեմբեր, 2017

Նոյեմբերի 9-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտի դեկավարած պատվիրակությանը։

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, որից հետո համառոտ ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, երկրի ճանաչողության բարձրացմանն ուղղված քայլերը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ Ջոնաթան Լակոտն անդրադարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության կապերի ավելի ամրապնդման խնդիրներին

Նա դիտարկեց, որ Հայաստանի տնտեսության զարգացող, գերակա ոլորտների թվում զբոսաշրջությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Դեսպանն իր խոսքում նշեց․ «Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է այն, ինչ փնտրում են ֆրանսիացի զբոսաշրջիկները»։

Հանդիպմանը քննարկվեց ֆրանսալեզու տեղեկատվության տարածման հարցը, ինչպես նաև 2018 թվականին Ֆրանսիայից ճանաչողական այցով լրագրողների և բլոգերների Հայաստան ժամանելու կազմակերպման հարցը։

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ ֆրանսիացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է կրոնական, արկածային, պատամշակութային զբոսաշրջությունը՝ հավելելով, որ ֆրանսիացիները հատկապես հետաքրքրված են հայկական խոհանոցով և հայկական գինիներով։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները ոլորտի զարգցաման ուղղությամբ։

Նշենք, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ֆրանսիայից Հայաստան ժամանումները կազմել են 18191 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճելով 17․7%-ով։