Քայլեր Հայաստանում փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ուղղությամբ
24 Նոյեմբեր, 2017

ՀՀ Կառավարությունը նոյեմբերի 23-ին կայացած նիստի ժամանակ հավանություն է տրվել ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման առավել արդիական սկզբունքների ներդրման անհրաժեշտությամբ՝ շեշտադրելով հատկապես բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությանն առնչվող հարցերը։

Նախագծով առաջարկվել է 3 փոփոխություն, մասնավորապես.

1. Ընկերության փոխկապակցված անձինք պարտավոր են ընկերության գործադիր մարմնին կամ կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի մինչև գործարքի կնքումը տրամադրել տեղեկատվություն փոխկապակցվածությանն առնչվող առավել մանրամասն տեղեկատվություն։

Ներկայումս վերջիններս պարտավոր են նշել միայն, որ իրենք հանդիսանում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ՝ առանց պարզաբանելու փոխկապակցվածության մանրամասները։

2. Խորհրդի անդամների ռեեստրում պետք է ներառվեն տեղեկություններ նաև ընկերության խորհրդի անդամի՝ այլ ընկերությունում զբաղեցրած պաշտոնում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ինչը կապահովի ընկերության գործարքներում շահագրգռվածության առկայության բացահայտման առավել լայն հնարավորություն։

Ներկայումս միայն նշվում են տեղեկություններ այն ընկերության մասին, որում ընկերության խորհրդի անդամը զբաղեցնում է պաշտոն՝ առանց հստակեցնելու նրա գործառույթները։

3. Արգելել բաց բաժնետիրական ընկերություններում (50 և ավել բաժնետեր ունեցող) խորհրդի նախագահի և տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնների համատեղումը։ Կարգավորումը թույլ կտա ԲԲԸ-ներում հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ պաշտոնների առանձնահատկություններից բխող շահերի բախումը։

Ներկայումս նշված սահմանափակումը տարածվում է 500-ից ավել բաժնետեր ունեցող ընկերությունների վրա։

Թվարկված փոփոխությունների արդյունքում բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկության ակնկալվող բարձրացման շնորհիվ հնարավոր է, որ արձանագրվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում «Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն» ցուցիչով Հայաստանի դիրքի բարելավում։