Պետական հսկողությունը, որը պետությունից, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներից, բավական մեծ ռեսուրսներ ու ջանքեր է կլանում, ինքնանպատակ չէ, այլ ուղղված է հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, անվտանգության ապահովմանը:
Սակայն շատ հաճախ տեսչական ստուգումների ոչ ճիշտ կազմակերպումը և ոչ պատշաճ իրականացումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ պետության օրինական շահերի պաշտպանության, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեության և քաղաքացիների կյանքի, առողջության և բարեկեցության համար:
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, երկրները նվազեցնում են տեսուչների և ստուգում իրականացնող մարմինների քանակը, բայց միաժամանակ բարձրացնում են ստուգումների արդյունավետությունը` կենտրոնանալով առավել կարևոր և ռիսկային օբյեկտների վրա: Այս տեսանկյունից ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել իրականացնել տեսչական համակարգի բարեփոխումներ` 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1135-Ն որոշմամբ հաստատելով Տեսչական բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների քարտուղարություն:
Տեսչական բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների քարտուղարությունը իրականացնում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում և փոփոխություններ, որի նպատակն է կանոնակարգել տեսչական համակարգում առկա բացերը, վերացնել հաճախակի և ոչ տեղին ստուգումները, ոչ թափանցիկ տեսչական գործընթացները, վարչական կոռուպցիան և տեսչական գործընթացում գործառույթների կրկնորդումները` անցում կատարելով տեսչական ստուգումների ռիսկի վրա հիմնված համակարգի:
Տեսչական բարեփոխումների նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի ձևավորումը բոլոր շահառուների տեսանկյունից.
1.Սպառողների համար` անվտանգության ապահովում,
2.Տնտեսավարող սուբյեկտների համար` կանխատեսելի գործարար միջավայրի ապահովում, զերծ ավելորդ բյուրոկրատիայից և անհարկի ճնշումներից՝ տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ հարաբերությունների նոր հարթակում,
3.Պետության համար` ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, անվտանգության ապահովման առավելագույն մակարդակի պայմաններում:
Տեսչական բարեփոխումների ուղություններն են`
1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը
2. Ստուգաթերթերի մշակում և ներդրում ըստ ոլորտների
3. Բարձր մասնագիտական որակավորմամբ տեսուչների ներգրավում
4. Միասնական տեղեկատվական կառավարման համակարգի մշակում և ներդրում
5. Ստուգում իրականացնող մարմինների օպտիմալացում
6. Ստուգում իրականացնող մարմինների կառավարման նոր համակարգի ներդրում
7. Կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրում
8. Օրենսդրության մշակում և օրենսդրական փոփոխությունների կատարում
Գործընկեր կառույցներ
1. Միջազգային ֆինանսական կորպորացիա` www.ifc.org
2. Գործարարության աջակցման գրասենյակ` www.bso.am
3. Համաշխարհային բանկ` www.worldbank.org
4. ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն` www.usaid.gov/armenia
Հայաստանի Հանրապետությունում Տեսչական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խումբը, հեռ.` (+374 11) 59-71-26, էլ. հասցե` inspectionreform@mineconomy.am