Իրանը նոր շուկաների կարիք ունի և Մեղրիի ազատ տնտեսական գոտին կարող է կամուրջ դառնալ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Տարասյան
28 Նոյեմբեր, 2017

ԻԻՀ հետ վերջին շրջանում Հայաստանի ակտիվ աշխատանքն իր արդյունքներն արդեն տալիս է, Հայ-իրանական գործարար համաժողովին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Թեև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը նշվում է 200 միլիոն ԱՄն դոլար և բացարձակ արժեքում այն շատ մեծ թիվ չէ, բայց տոկոսային առումով ունեցել ենք 10 տոկոս աճ», - ասաց Էմիլ Տարասյանը։

Նրա խոսքով՝ մշակված ապրանքի և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները 48 տոկոս աճ են ունեցել, ինչը լուրջ դինամիկա է հետագա համագործակցության համար։

Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտուն, փոխնախարարն ասաց թե պատահական չէ ընտրված դրա տեղը՝ Մեղրին։

«Մեղրին իր դիրքով նպատակ ունի խթանել հայ-իրանական առևտրաշրջանառությունը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը։ Սա հնարավորություն է փոխշահավետ համագործակցության համար թե՛ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին, թե՛ Իրանի»,- նշեց Է. Տարասյանը։

Փոխնախարարն ասաց, թե ԻԻՀ-ն ելքի և նոր շուկաների կարիք ունի, իսկ ազատ տնտեսական գորտին հնարավորություն է ԵԱՏՄ-ի շուկան նաև հասանելի դարձնել իրանցի գործարարներին։

Հետևաբար, ըստ փոխնախարարի, Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, և Մեղրիի ազատ տնտեսական գոտին էլ գործիքներից մեկն է։

Aysor.am