Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) Կովկասի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարիչ Հաջիմե Տանիգիչիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Ազիզյանը կարևորել է ՃՄՀԳ կողմից հայկական ՓՄՁ-ներին հատկացվող արտոնություններն ու աջակցությունը և հավելել, որ թեև հայկական ապրանքների արտահանման ծավալներն աճել են, սակայն այս ուղղությամբ կա դեռևս չիրացված ներուժ։
Հայաստանի և ՃՄՀԳ միջև համագործակցության խորացման շրջանակներում՝ Հովհաննես Ազիզյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներն ու գործիքակազմը, «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Համահայկական ներդրումային ֆոնդի ծրագրերը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խորացման կարևորությունը որպես երկու երկրների միջև համագործակցության կարևոր խթան։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Կովկասի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարիչ Հաջիմե Տանիգիչին գոհունակությամբ ընդծել է, որ Հայաստանի և ՃՄՀԳ-ի համատեղ ծրագրերը հաջողությամբ են իրականացվել և ներկայացրել է գործակալության տարածաշրջանային քաղաքականության ծրագրերը։
Ճապոնական կողմի հետ քննարկվել է նաև հայկական շուկայում ճապոնական ընկերությունների ներկայացվածության հարցը և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
Հանդիպման ավարտին ընդգծվել է JICA-ի կողմից Հայաստանի վերաբերյալ գովազդա-տեղեկատվական նյութերի (բրոշյուրներ, քարտեզներ, տեսանյութեր և այլն) ճապոներեն թարգմանության կարևորությունը` ընթացիկ տարվա ապրիլին Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու նպատակով: