Հունվարի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի «Իրականացված հնարավորություններ» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր՝ ամփոփել ծրագրի արդյունքներն ու նվաճումները, ներկայացնել դրանք գործընկերներին՝ ծրագրի գործողությունների շարունակականությունն ապահովելու համար:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանը և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է․ «Ցանկանում եմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ուղղված աշխատանքներին ներգրավված բոլոր գործընկերներին և, կարևորելով արդեն իսկ իրականացված աշխատանքներն, ակնկալում եմ, որ բոլոր գործընկերների հետ կշարունակենք սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերը։ Նախարարությունը պատրաստ է ակտիվ և արդյունավետ համագործակցության»։
«Սիրիայից Հայաստան եկած մարդիկ նոր գաղափարներ և ձեռնարկատիրական նոր մոտեցումներ բերեցին Հայաստան, ինչը շատ կարևոր էր երկրի համար: Ես ուրախ եմ, որ Գերմանիայի կառավարությունը նպաստեց սիրիահայերի հաջողությունների պատմություններին, մասնավորապես GIZ-ի այս ծրագրի շնորհիվ», - ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում:
«GIZ-ի «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկեց և իրականացվեց ճիշտ ժամանակին՝ համալրելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ գործընկերների մարդասիրական ջանքերը և ուղղորդելու դրանք թիրախային խմբի տնտեսական ինտեգրմանը», - նշել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանն իր ողջույնի խոսքում:
Միջոցառման պաշտոնական մասից հետո հյուրերը դիտել են սիրիահայերի հաջողությունների պատմությունները պատկերող լուսանկարների ցուցահանդեսը և ստացել վերահրատարակված ու նոր պատմություններով համեմված «ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գիրքը:
Համառոտ տեղեկատվություն ծրագրի մասին
GIZ-ն իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագիրը՝ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ:
Ծրագրի իրականացման 2.5 տարիների ընթացքում (2015 թ. նոյեմբեր – 2018թ. մարտ), աջակցություն է ցուցաբերվել շուրջ 3100 սիրիահայ գործարարների և աշխատանք փնտրողների, որոնք մասնակցել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, ինչպես նաև մարքեթինգի, բիզնեսի զարգացման և ֆինանսական գրագիտության դասընթացների՝ զարգացնելով բիզնեսի վարման և այլ մասնագիտական հմտություններ:
Ծրագրի ամենակարևոր նվաճումներից մեկը տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող, 24 անդամներից բաղկացած Աշխատանքային խմբի ստեղծումն է, որի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Աշխատանքային խմբի նպատակն է՝ համակարգել և ուղղորդել ոլորտում կատարվող աշխատանքները և առաջարկել սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը նպաստող համատեղ լուծումներ:
Այս գործընթացը խթանելու նպատակով՝ ծրագիրը նաև աջակցել է 1505 սիրիահայ գործարարների, ստարտափերի և աշխատանք փնտրողների և 100 գործատուների տվյալների բազայի ստեղծմանը, որը հանձնվել է ծրագրի գործընկեր «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին: ՀԿ-ն նաև աջակցություն է ստացել «Սիրիահայերի արդյունաբերական գոտու» (SAIZ) ստեղծման և գործարկման ընթացքում: (SAIZ-ը շուրջ 30 սիրիահայ գործարարի աշխատանքային տարածք ապահովող գոտի է, տեղակայված է Երևանում):
Ծրագրի ջանքերով ստեղծված www.syrarbi.am հարթակը, որը նույնպես փոխանցվել է «Սիրիահայերի միությանը», օգտակար ֆինանսական, իրավական, բիզնեսի և կրթության հնարավորությունների տեղեկատվություն է տրամադրում թիրախային խմբին՝ այսպիսով օգնելով նրանց զարգացնել բիզնեսը, ստեղծել նոր բիզնես կամ աշխատանք գտնել Հայաստանում: