ԱՀԿ քարտուղարության կողմից իրականացվում է Հայաստանի առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննությունը
30 Հունվար, 2018

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրերով սահմանված ընթացակարգերի համաձայն՝ ԱՀԿ քարտուղարության կողմից պարբերաբար իրականացվում է յուրաքանչյուր ԱՀԿ անդամ երկրի առևտրային քաղաքականության վերաքննություն (ԱՔՎ)։ Որպես կանոն, ԱՔՎ գործընթացը տևում է մեկ տարի և իրականացվում է համապատասխան ժամանակացույցով նախատեսված քայլերով: ԱՔՎ իրականացման արդյունքում պատրաստվում է երկու փաստաթուղթ՝ ԱՀԿ քարտուղարության և երկրի կողմից զեկույցները, որոնք էլ ներկայացվում և քննարկվում են ԱՔՎ ամփոփման ժամանակ:

Ներկայումս ընթացքում է Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննությունը, որի ամփոփումը նախատեսված է իրականացնել 2018թ. հոկտեմբերին (ՀՀ առաջին ԱՔՎ-ն կայացել է 2010թ.):

Գործընթացի շրջանակներում ընթացիկ տարվա հունվարի 22-24-ը կայացել է ԱՀԿ քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան: Այցի հիմնական նպատակն էր իրականացնել փաստահավաք առաքելություն՝ ճշգրտելու Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային քաղաքականության վերաքննությունից հետո տեղի ունեցած զարգացումները, օրենսդրական փոփոխությունները, կիրառվող ոլորտային քաղաքականությունները, բարեփոխումները, ոլորտային զարգացումների ներկա իրավիճակը` ԱՀԿ քարտուղարության զեկույցի նախապատրաստման նպատակով:

Այցի շրջանակներում անցկացվել են շուրջ երեք տասնյակ ոլորտային հանդիպումներ և քննարկումներ` պետական գնումների, մտավոր սեփականության, մրցակցային քաղաքականության, սանիտարա-բուսասանիտարական միջոցների, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտների, գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի, զբոսաշրջության, հեռահաղորդակցության, մաքսային և հարկային ընթացակարգերի և վարչարարության, առևտրի դյուրացման գործընթացների, ինչպես նաև առևտրային քաղաքականությանն առնչվող այլ ոլորտների շուրջ:

Միջոցառումներին մասնակցել են ԱՔՎ գործընթացում ընդգրկված ՀՀ պետական կառավարման մարմինների, համապատասխան գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: