2016թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր
2015թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր
2014թ.-ին իրականացված աշխատանքների համառոտ նկարագիր
Փոքր և միջին ձեռնարկատիրություն
ՓՄՁ զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որի շրջանակներում կառավարության կողմից իրականացվում են շարունակական քայլեր ոլորտի զարգացման, իրավական կարգավորումների պարզեցման, միջազգային կառույցների հետ համագործակցության, պետություն-մասնավոր հատված երկխոսության և մի շարք այլ ուղղություններով:
2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչներն ու փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության հիմնական ուղղությունները:
ՀՀ-ում ՓՄՁ չափորոշիչների սահմանումը համապատասխանում է Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ չափորոշիչներին, որը հնարավորություն է տալիս այդ չափորոշիչները կիրառող երկրներին իրականացնելու համեմատական վիճակագրական վերլուծություն, ինչն ակնհայտորեն ստեղծում է տարբեր երկրներում ՓՄՁ ոլորտի զարգացման մակարդակի վերաբերյալ առավել հստակ պատկեր՝ երկրի տնտեսության մեջ ՓՄՁ ոլորտի տեղի ու դերի գնահատման առումով։ Նման չափորոշիչներ կիրառող երկրներում, ՓՄՁ սուբյեկտների առավել հստակ տարանջատման շնորհիվ, հնարավորություն է ընձեռվում գերփոքր, փոքր և միջին կազմակերպությունների համար կիրառել համեմատաբար մեղմ հարկման ռեժիմ, իրականացնել առավել հասցեական պետական աջակցության միջոցառումներ և այլն։
Համաձայն վերոնշյալ օրենքի՝ դասակարգումը կատարվել է` հիմք ընդունելով ՓՄՁ սուբյեկտներում ներգրավված աշխատողների թվաքանակը և տարեկան հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը։
Ներկայումս, տվյալ սահմանման համաձայն, ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են.
1) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը,
2) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը,
3) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
2001թ.-ից սկսած մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են իրականացնելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ ոլորտի պետական աջակցության հետևյալ ուղղությունները` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում), ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, ֆինանսական և ներդրումային աջակցություն, տեղական տնտեսական զարգացում, ոլորտային բիզնեսներին աջակցություն, կանանց ձեռներեցությանն աջակցություն, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում, միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում:
ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության (ռազմավարության), ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույց է հանդիսանում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի N282 որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:
2016թ.-ից իրականացվում է 2015թ.-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը», որի հիմնական նպատակն է` ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներուժի լիարժեք օգտագործումը և նրա դերի բարձրացումը:
ՓՄՁ ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու, ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու, ինչպես նաև ՓՄՁ զարգացման խոչընդոտների արագ վերացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի N638-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ, որի նախագահը` ՀՀ վարչապետն է:
ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը)։
Աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ի և ԵՄ երկրների ձեռնարկությունների միջև կապի ստեղծման և համագործակցության ուղղությամբ:
ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո 2011-2012 թվականների ընթացքում իրականացվել է «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագիրը: Գործընթացն ունի շարունակական բնույթ: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են ԵՄ արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
«Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագրի շրջանակներում հայկական կողմի հետ համագործակցող կողմեր են հանդիսանում OECD, European Commission, European Training Foundation (ETF), EBRD կազմակերպությունները:
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։
Առաջիկա տարիներին ՓՄՁ զարգացման քաղաքականության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։
Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության իրականացում (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջ)
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-35, Էլ. փոստ` korgevorgyan@mineconomy.am: