Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 26-ին այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
Նյութն ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում
Տնտեսական զարգացման քաղաքականություն․ արդյունքներ և անելիքներ
ՀՀ ՏԶՆ նախարարության 2017 թվականի հիմնական աշխատանքների արդյունքների հաշվետվություն
ՀՀ ՏԶՆ նախարարության 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքներ
2017 թվականի մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներ
ՀՀ ՏԶՆ նախարարության 2017 թվականի գործունեության համառոտ հաշվետվություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է 2017 թվականի արդյունքներով գրանցված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ մասնավորապես՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7,7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել: Նախարարը նշել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։
Ներդրումների ներգրավման ինստիտուցիոնալ դաշտի բարելավման համատեքստում վարչապետին են ներկայացվել ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) զարգացման նպատակով օրենսդրական հիմքերի ձևավորմանն ուղղված` հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը: 2017 թվականի ընթացքում կայացել են մի շարք ներդրումային և գործարար համաժողովներ, այդ թվում` մարտին Աբու Դաբիում` հայ-էմիրաթական ներդրումային համաժողովը, հունիսին Հռոմում` «Հայաստան-Իտալիա» և Երևանում հայ-տաջիկական ու հայ-վրացական գործարար համաժողովները:
ՀՀ վարչապետին զեկույցվել է, որ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել և առավել ամրապնդվել օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավվածության ու մասնակցության գործընթացը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
ՀՀ ՏԶՆՆ կողմից 2017 թվականի ընթացքում ներկայացվել են շուրջ 70 ներդրումային ծրագրեր, որոնց իրականացման համար ՀՀ կառավարության տարբեր ձևաչափի արտոնությաններ և աջակցություն է տրամադրվել։ Նախարարության մոնիթոինգային ծրագրերի արդյունքներով, իրականացվել է շուրջ 506 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել են 5200 նոր աշխատատեղեր:
Նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում մի շարք քայլեր են ձեռնարկվել՝ խթանելու ապրանքների արտահանումը, մասնավորապես՝ ձևավորվել է մասնագիտացված արտահանող կառույցների տվյալների բազա, որը պարբերաբար թարմացվում է և ընդգրկում է կառույցների ուղղվածությունը, առկա և պոտենցիալ շուկաները, լոգիստիկ հնարավորությունները: Ձևավորվել են գյուղատնտեսական և պատրաստի սննդամթերքի ոլորտներում արտահանող/լոգիստիկ կազմակերպությունների հետ համագործակցության մեխանզիմներ, որոնք իրենց շուրջ են համախմբում փոքր ու միջին կազմակերպություններին և աջակցում են վերջիններիս արտահանմանը։ Ապահովվել է Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի գործարկումը։ Արտահանողների գրանցումն արդեն իսկ մեկնարկել է: Ավարտվել են «ԵԱՏՄ անդամ երկրների և ԻԻՀ միջև ազատ առևտրի մասին», «ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի շուրջ վերջնական բանակցային փուլերը: Համաձայնագրերի տեքստերը թարգմանվել և համապատասխան ցանկերի հետ միասին ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ներպետական համաձայնեցմանը: Ընտրված 5 թիրախային շուկաների համար մշակվել են արտահանողներին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթները և ապահովվել է հասանելիությունը: ՀՀ ՏԶՆՆ պաշտոնական կայքէջում տեղադրված են ԱՄԷ, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԻԻՀ և Կատարի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերը։
Հայաստանի և գործընկեր պետությունների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով Չինաստանում նշանակվել է ՀՀ առևտրական կցորդ, իսկ Բելառուսում, Ավստրիայում, Թուրքմենստանում և Շվեյցարիայում` ՀՀ առևտրական ներկայացուցիչներ: 2018 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել առևտրային ներկայացուցչությունների ընդլայնումը։ Չինաստանի Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության գրասենյակի բացումը, իսկ Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ, որի ներքո հայ գործարարները հնարավորություն ունեն անվճար հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները և իրացնելու արտադրանքը չինական շուկայում:
Ձեռներեցության խթանման ուղղությամբ կատարված աշխատանքների թվում նշվել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ կողմից տրամադրվել է թվով 11487 աջակցություն, այդ թվում` սկսնակ գործարարների ձեռներեցության, ուսուցողական, ոլորտային տեխնոլոգիական դասընթացների, տեղեկատվական և խորհրդատվական, սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների, ՓՄՁ միջազգայնացման, ոլորտային բիզնեսներին աջակցության դրամաշնորհների տրամադրման ուղղություններով: Հաայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի կողմից տրամադրվել է թվով 67 վարկ (62 վարկառու): Վարկավորման ծավալը կազմել է շուրջ 2.8 մլրդ ՀՀ դրամ: Ձևավորվել է Համահայկական ֆոնդը, որի կողմից արդեն իրականացվում են 2 ներդրումային ծրագիր։
Ներկայացվել է նաև նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայության ներդնումը, որով ամբողջովին լուծվել է արտահանողի՝ շրջանառու կապիտալի նկատմամբ պահանջարկը ինչպես արտադրության, այնպես էլ տարաժամկետ վճարման սպասման փուլերում: 2017 թվականի ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց շրջանակներում կնքվել են ընդհանուր թվով 329 ապահովագրական վկայագրեր։ Ապահովագրական գումարը կազմել է շուրջ 4,534 մլն ՀՀ դրամ, որն աճել է ավելի քան 2 անգամ։
2018 թվականի օրակարգային հարցերից է արտահանող ընկերությունների հումքի և սարքավորումների մատակարարման գործընթացի համար այլ պետություններում գործող արտահանման խրախուսման միջոցների հասանելիության ապահովումը։
Գործարար միջավայրի հասցեական բարելավման նպատակով պարբերական հանդիպումներ են կայանում ոլորտային պատասխանատուների և գործարար համայնքի միջև, քայլեր են ձեռնարկվում հնչեցված խնդիրների կարգավորման ուղղությամբ, օժանդակություն է ցուցաբերվում պետական մարմինների հետ հարաբերություններում վարչարարական խնդիրներին բախվող տնտեսավարողներին: Զեկուցվել է, որ գործում են գործարար միջավայրի, շուկայի վերահսկողության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի և արտադրանքի լաբորատոր փորձարկումների թեժ գծեր: Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. ծրագրով սահմանված 49 միջոցառումներից իրականացվել է 41-ը, մնացած 8-ը ընթացքի մեջ են, իսկ 2018 թվականի համար նախատեսված է թվով 43 միջոցառում:
ՀՀ վարչապետին զեկուցվել է, որ մեկնարկել են ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև նորարարական էկոհամակարգի քարտեզագրման աշխատանքները: 2017 թվականի ընթացքում ստեղծվել է նոր արբիտրաժային լաբորատորիա, չափագիտական 2 լաբորատորիա 7 էտալոնային ուղղություններով։ 2018 թվականի համար նախատեսվում է ևս 2 էտալոնային լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև E-LAB Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդգծել է, որ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ։ Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների ավելացման նպատակով դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար: Մշակվել են ՀՀ և Մեքսիկայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին Փոխըմբռնման Հուշագրի նախագիծը, ՀՀ և ՉԺՀ միջև համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը: Նախորդ տարվա ընթացքում ապահովվել է ոլորտի ընկերությունների մասնակցությունը թվով 5 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներին, կազմակերպվել և աջակցություն է ցուցաբերվել թվով 8 ավանդական փառատոնների անցկացմանը։ Ճանաչողական այցով Հայաստան են այցելել 11 երկրներից թվով 102 միջազգային հայտնի ԶԼՄ ներկայացուցիչներ, և արդյունքում Հայաստանի մասին տպագրվել էն 100-ից ավելի հոդվածներ միջազգային մամուլում և ցուցադրվել թվով 15 տեսանյութ։ Նկարահանման ընթացքում է «Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր» ֆիլմը: Ներկայացվել են Հայաստանի տեսարժան վայրերը և զբոսաշրջային ներուժը ներկայացնող «Feel Armenia.Visit Armenia» և «Follow us.Visit Armenia» խորագրով տեսահոլովակները, որոնք թարգմանվել էն նաև չինական լսարանի համար և ցուցադրվել տարբեր զբոասշրջային համաժողովներում: Պատրաստվել են գովազդատեղեկատվական նյութեր նպատակային շուկաների համար՝ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն։ Մշակվում են մարզային զբոսաշրջային բրոշյուրները։ Հայաստանի մարզերում արդեն գործում է 5 տեղեկատվական կենտրոն, իսկ 2018 թկականին դրանց թիվը կհասնի 7-ի, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում բացվելիք կենտրոնը։