Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է գիտելիքահեն տնտեսության ձևավորումը և այդ նպատակով ինովացիոն գործունեության խթանումը` որպես տեխնոլոգիական առաջընթացի և մրցակցային տնտեսության զարգացման հիմք:
Ինովացիոն գործունեության խթանումը առանձնակի կարևորություն ունեցող խնդիր է պետության համար` պայմանավորված գիտատեխնոլոգիական և ինովացիոն ներուժի նպատակային զարգացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ:
Ինովացիոն գործունեության հաջողության էական բաղադրիչն է ինովացիոն միջավայրի ձևավորման պետական քաղաքականությունը, որն իրականացվում է ինովացիոն գործունեությունը կարգավորող իրավական դաշտի` օրենսդրական և նորմատիվային-իրավական մեխանիզմների ստեղծման ճանապարհով.
2006 թվականի մայիսի 23-ին ընդունվել է «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական ինովացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական և տնտեսական հիմքերը, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության ձևերը:
Ընդունվել են օրենքից բխող և ինովացիոն ոլորտը կարգավորող հետևյալ նորմատիվային իրավական ակտերը.
♦ ՀՀ կառավարության 19.10.2006թ. «Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» N1466-Ն որոշումը,
♦ ՀՀ կառավարության 07.09.2006թ. «Ինովացիոն բնագավառում լիազոր մարմին ճանաչելու մասին» N1252-Ա որոշումը,
♦ ՀՀ կառավարության 02.08.2007թ. «Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N878-Ն որոշումը,
♦ ՀՀ կառավարության 02.08.2007թ. «Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N877-Ն որոշումը,
♦ ՀՀ կառավարության 12.11.2015թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N878-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N1311-Ն որոշումը,
♦ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 02.03.2016թ. «Ինովացիոն նախագծերի մրցույթի հայտի ձևը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» N166-Ն հրամանը,
♦ ՀՀ կառավարության 12.05.2016թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N878-Ն և Հայաստանի Հանրապետության կառա¬վա¬րության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N1311-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N483-Ն որոշումը:
ՀՀ կառավարության 17.02.2011թ. N6 արձանագրային որոշմամբ հավանություն է ստացել Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության Հայեցակարգը:
Տեխնոլոգիական զարգացման և ինովացիոն քաղաքականության ոլորտում նախարարության Ինովացիոն տեխնոլոգիական զարգացման վարչության խնդիրներն են․
1) Հայաստանի Հանրապետության ազգային ինովացիոն համակարգի ձևավորմանը և զարգացմանը նպաստելը:
2) Ինովացիայի և տեխնոլոգիական զարգացման ոլորտում (այսուհետ` Ոլորտ) կարգավորող և զարգացումը խրախուսող օրենսդրական դաշտի ստեղծումը:
3) Հայաստանի Հանրապետության տնտեսության ինովացիոն զարգացման ծրագրային հենքի ապահովումը:
4) Ոլորտում կարողությունների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության և գործողությունների պլանի մշակման ապահովումը:
5) Ինովացիոն գործունեություն իրականացնող տեխնոլոգիական ընկերությունների և կազմակերպությունների և դրանցում առկա սարքավորումների տվյալների շտեմարանի ստեղծման աշխատանքների ապահովումը:
6) Ոլորտում պետություն-մասնավոր հատված կառուցողական համագործակցության ձևավորումը:
7) Հետազոտությունների և մշակումների, գիտության արդյունքների ու նոր տեխնոլոգիաների առևտրայնացմանն աջակցելը:
8) Գիտության և տնտեսության միջև կապի խորացմանն օժանդակելը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը:
9) Տնտեսության տեխնոլոգիական զարգացումն ապահովելու նպատակով բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը նպաստելը:
10) Ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանն աջակցելը:
Վարչության կողմից համակարգվում են հետևյալ ծրագրերը.
♦ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» 2016-2019թթ․Ծրագիր
Ծրագրի ինովացիոն բաղադրիչը ներառում է տնտեսության ինովացիոն զարգացման ռազմավարության մշակումը և ռազմավարությամբ նախատեսված նախաձեռնությունների իրականացումը` այդ գործընթացում ներգրավելով տեղական և օտարերկրյա ինովացիոն կառույցների, հետազոտական կենտրոնների և գործարար հանրության ներկայացուցիչների: Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ գիտահետազոտական կազմակերպությունների և գործարարների միջև աշխատանքների իրականացման ցանցային կապի ստեղծման միջոցով գաղափարների առևտրայնացման բարելավված գործընթացը, տնտեսական կլաստերների (ինկուբատորներ, տեխնոպարկեր և ազատ տնտեսական գոտիներ) բարելավված նախագծումն ու կառավարումը, ինովացիոն ստարտափերի և առկա փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության դիվերսիֆիկացումը:
♦ ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականը համագործակցության միջպետական ծրագիր
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածը համագործակցության միջպետական ծրագիրը»: Հայաստանի կողմից Ծրագրի իրականացման Ազգային պատվիրատու է սահմանվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` որպես ինովացիոն ոլորտում ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին: Տնտեսության համար կիրառական և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ինովացիոն նախագծերի և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված այլ համատեղ միջոցառումների նախաձեռնման շնորհիվ Ծրագրի արդյունքում կձևավորվի ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միասնական տարածք:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության հետ համատեղ գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտների զարգացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում.
♦ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը
♦ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Հիմնական գործընկերներ.
♦ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցություն (GIZ)
♦ ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն
♦ Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն
♦ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-41; (+374 11) 59-71-42; (+374 11) 59-71-43: