Աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը
21 Մարտ, 2018

Մարտի 20-ին Երևանում կայացել է Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը նվիրված աշխատաժողով, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

Աշխատաժողովի ընթացքում ԵՄ փորձագետը ներկայացրել է ԵՄ բյուջետային աջակցության նոր ուղեցույցը։ Քննարկվել են նաև ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, ծրագրավորմանը, դիտանցմանը և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ շահառու նախարարությունների, այլ պետական մարմինների և կառույցների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության շուրջ 50 ներկայացուցիչներ։

Լրացուցիչ տեղեկատվություն

Բյուջետային աջակցությունը օժանդակության տեսակ է, որի միջոցով Եվրոպական Միությունն աջակցում է գործընկեր պետությանն՝ իրականացնելու բարեփոխումներ, բարելավելու ինչպես պետական քաղաքականությունները, այնպես էլ քաղաքականություն իրականացնելու կարողություններն ու ռեսուրսները: Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված գումարները ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են շահառու երկրի պետական բյուջե: Նախատեսված գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակներում ամրագրված պարտավորությունները երկրի կողմից իրականացնելուց հետո, իսկ պարտավորությունների իրականացման կատարողականը գնահատվում է համապատասխան անկախ փորձագիտական առաքելության կողմից:


+