Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը
6 Ապրիլ, 2018
հոդված
Կցված Ֆայլեր

Ապրիլի 6-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը։

Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Սուրեն Կարայանը և ԱՊՀ անդամ պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ, ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդկային ռեսուրսների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար (Роспотребнадзор) Աննա Պոպովան։

Ողջունելով նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության և իր անունից՝ նախարար Կարայանը նշել է, որ ներկայումս Հայաստանում հրատապ խնդիր է սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրավական դաշտի ամրապնդումն ու զարգացումը, և դրա հիման վրա գործարար և գործընկերային հարաբերությունների հաստատումը պետական մարմինների և բիզնեսի միջև՝ ներքին սպառողին արդյունավետ պաշտպանելու նպատակով: Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծելու սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, և կարևորել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության իրականացումը։ Բարձր գնահատելով ԱՊՀ անդամ պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի աշխատանքը, որի շնորհիվ ստեղծվել է սպառողների պաշտպանության խնդիրները լուծելու համար բավականին լուրջ հարթակ, Սուրեն Կարայանը հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն իրականացնելու և արդյունավետ փոխգործակցության ավանդույթներն ամրապնդելու ու շարունակելու համար:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի սպառողների շահերի պաշտպանության ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում շահագրգիռ կառույցների պաշտոնատար անձինք, ոլորտում աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչներ։

ԱՊՀ համագործակցության շրջանակում յուրաքանչյուր տարի գումարվող այս նիստերի շրջանակում ներկայացվում են անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քայլերը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ միջազգային փորձի հիման վրա մշակվում են ընդհանուր մոտեցումներ, ամփոփվում են արդյունքները։

Խորհրդի նիստի արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն։

Օրվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԱՊՀ անդամ պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ, ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդկային ռեսուրսների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար (Роспотребнадзор) Աննա Պոպովան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։

Խորհրդատվական խորհրդի նախորդ՝ 13-րդ նիստը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերին՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որտեղ էլ որոշվել է հաջորդ նիստը` ՀՀ հրավերով, անցկացնել Երևանում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Սուրեն Կարայանի ողջույնի խոսքը (ռուսերեն)